ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հունվարի 28-ին կներկայացնի Մերձավոր Արեւելքում խաղաղ կարգավորման իր պլանը։ Նա նշել է, թե հավատում է, որ պաղեստինցիները վերջնական արդյունքում կընդունեն պլանը՝ չնայած այն քննարկելու նրանց մերժմանը, հայտնում է Reuters-ը։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Օվալաձեւ սենյակում նստած՝ Թրամփը նշել է, որ իր պլանը «մեծ նշանակություն ունի բոլորի համար»։ Նա հրաժարվել է բացահայտել դրա մանրամասները եւ այն, թե որքանով է այն համապատասխանում պաղեստինցիների շահերին, սակայն նա նախկինի պես պնդել է, թե «դա այն է, ինչ նրանք պետք է ուզեն»։

Նեթանյահուի հետ հանդիպումից հետո Թրամփը պետք է հանդիպի նրա քաղաքական մրցակից Բենի Հանցի հետ։

Երեքշաբթի Թրամփն ու Նեթանյահուն ելույթ կունենան համատեղ մեկնաբանություններով, որպեսզի ներկայացնեն այն պլանը, որն ուղղված է աշխարհում ամենադժվարալուծելի խնդիրներից մեկի լուծման ազդակի ստեղծմանը։