ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա թուրք գործընկեր Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են Լիբիայում հրադադարը, ինչպես նաեւ Սիրիայում բռնության դադարեցման անհրաժեշտությունը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-յան իր էջում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Ջադ Դիրը:

«Այսօր Թրամփը հեռախոսային զրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Երկու երկրների առաջնորդները քննարկել են Լիբիայում օտարերկրյա միջամտության վերացման անհրաժեշտությունը եւ հրադադարի ռեժիմի պահպանումը: Առաջնորդները համաձայնվել են, որ Սիրիայի Իդլիբ նահանգում իրականացվող բռնության գործողությունները պետք է դադարեցվեն»,- նշել է նա:

«Նախագահ Թրամփը նաեւ ընդգծել է Թուրքիայի եւ Հունաստանի կողմից Միջերկրական ծովի արեւելյան մասում իրենց տարաձայնությունների կարգավորման կարեւորությունը»,- հավելել է Դիրը: