Պենտագոնը, իրականացնելով հիպերձայնային զենքի մշակման ծրագիր, նախատեսում է 2020 թվականին կատարել նախատիպերի չորս թռիչքային փորձարկումներ, որոնք կարող են ձայնի արագությունը գերազանցել հինգ անգամ։ Այս մասին ասել է ռազմական գերատեսչության հիպերձայնային զենքի ստեղծմամբ զբաղվող վարչության ղեկավարի օգնական Մայք Ուայթը Bloomberg գործակալության հացազրույցում։

«Մինչեւ տարեվերջ մենք կիրականացնենք առնվազն չորս տարբեր նախատիպերի փորձարկումներ,- նշել է նա։- Մենք նախատեսում ենք արձակումներ իրականացնել ցամաքից, ծովից եւ օդից»։ Ուայթը ընդգծել է, որ զենքի այդ տեսակների մշակումներով պաշտպանության նախարարության պատվերով զբաղվում են Lockheed Martin եւ Raytheon ընկերությունները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Անցած շաբաթ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը, ելույթ ունենալով Վաշինգտոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում, նշել էր, որ համաձայն 2020 ֆինանսական տարվա (սկսվել է 2019 թվականի հոկտեմբերին) ԱՄՆ պաշտպանական բյուջեի՝ ռազմական գերատեսչությունը «գրեթե կրկնակի՝ մոտ 5 մլրդ դոլար, ավելացրել է ներդրումները հիպերձայնային զենքի ստեղծման գործում՝ հաջորդ հինգ տարիների համար»։

Պենտագոնը մինչ այդ բազմիցս խոստովանել էր, որ ԱՄՆ-ը հետ է մնում Ռուսաստանից եւ Չինաստանից հիպերձայնային զենքի ստեղծման ոլորտում։ Էսփերը 2019 թվականի դեկտեմբերի 7-ին նշել էր, որ ԱՄՆ-ը այս ոլորտում «հետեւից վազողի դերում է մնացել»։