Ուզում եմ նախ սրտանց շնորհավորել մեր զինվորներին ու սպաներին, մեր գեներալներին ու զորահրամանատարներին, մեր քաջարի ազատամարտիկներին ու հայկական բանակի վաստակաշատ վետերաններին, մեր բանակի կայացման գործում շատ մեծ ավանդ ունեցող եւ մինչ օրս քեֆ-ուրախությամբ իրենց որդիներին բանակ ճանապարհող եւ անհրաժեշտ պահին  կամավորության սկզբունքով մեր բանակի շարքերը համալրող մեր ժողովրդի զավակներին: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մեր բանակը փառապանծ բանակ է, հաղթանակն բանակ է եւ անկախ նրանից, որ բանակի ձեւավորման հենց առաջին օրերից որոշ մարդիկ, այդ թվում նաեւ դրսի ուժերի թելադրանքով փորձել են վարկաբեկել մեր բանակը, փորձել են նսեմացնել մեր հաղթանակները, դա նրանց չի հաջողվել: Չի հաջողվել, որովհետեւ խոշոր հաշվով մեր բանակը ձախողումներ չի ունեցել, մեր բանակը մարտի դաշտում այն էլ ոչ մեկ անգամ ապացուցել է իր ունակությունը պաշտպանելու Հայաստանի, հայ ժողովրդի, այդ թվում նաեւ Արախում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը:

Այս նվիրական օրը ես մի մաղթանք ունեմ, որ ամուր պահենք հավատը մեր բանակի նկատմամբ: Սա  շատ կարեւոր հանգամանք է եւ թույլ չտանք, որ մարդիկ ինչ-ինչ նպատակներով փորձեն վարկաբեկել մեր բանակը: Սա անթույլտրելի է:

Ես վստահ եմ, որ նաեւ ձեր օգնությամբ, օժանդակությամբ մեր բանակը միշտ լինելու է միշտ վստահելի, մեր բանակի հաջողությունները միշտ տեսանելի են լինելու մեր ժողովրդին»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Դիտարկմանը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն մեղադրել է 7 շրջաններ հանձնելու մտադրություն ունենալու մեջ, Սերժ Սարգսյանն արձագանքեց. «Այսինքն դուք այդքան համառորեն ուզում եք, որպեսզի ես այս լուսավոր օրը անդրադառնամ ինչ-որ հերյուրանքների՞»:

Այլ հարցերի նա չպատասխանեց եւ հեռացավ:

Նշենք, որ մինչ այդ, երբ Սերժ Սարգսյանը շքախմբով քայլում էր, լրագրողներից մեկը հարցրեց, որ ՀՀ վարչապետն ասել է, որ Սարգսյանների ընտանիքը ամենակոռումպացված ընտանիքներից մեկն է Հայաստանում, շքախմբից մեկը արձագանքեց. «Գլուխը քարն է տվել, դու էլ հետը»: