«Ադեկվադ» կուսակցության համահիմնադիր Արթուր Դանիելյանի պահանջով 6-րդ վարչություն շտապօգնություն ժամանեց. նա ձեռքի շրջանում վնասվածք է ստացել։ Այս մասին այսօր՝ հւոնվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։

«Նոր շտապ օգնություն գնաց, ինձ տեղեկացրին, որ դա Արթուր Դանիելյանի պահանջով է եղել։ Ձեռքի հետ կապված ինչ-որ խնդիր է եղել։ ենթադրում եմ, որ գուցե ձերբակալման ժամանակ ձեռնաշղթաների կիրառմամբ է դա պայմանավորված»,- ասաց Մելիքյանը։

Մելիքյանի խոսքով՝ Դանիելյանն այդ վնասվածքը ստացել է բերման ենթարկվելու ժամանակ. «Հնարավոր է՝ առանց հիմքի մարդուն ձերբակալել, կիրառել կոշտ ուժ, ասֆալտին փռել, որի հետեւանքով անձը վնասվածք ստանա։ Հետո էլ ասեն՝ կներեք, ձեզ մոտ զենք չենք հայտնաբերել»։

Նշենք, որ այսօր Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները բերման էին ենթարկել «Ադեկվադ» կուսակցության հիմնադիրներից Արթուր Դանիելյանին, Կոնստանտին Տեր-Նակալյանը եւ անդամներից՝ Գրիգոր Մինասյանն ու Ազատ Ադամյանը: Ավելի վաղ բերման էր ենթարկվել նաեւ ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը: Նրանք բերման են ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։

Քիչ առաջ Նարեկ Մալյանը եւ Կոնստանտին Տեր-Նակալյանն ազատ արձակվեցին։