ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավորարեւելյան խաղաղ պլանը փաստորեն կանաչ լույս է վառում Իսրայելի առջեւ ապարտեիդի պետություն ստեղծելու համար, ասել է Մեծ Բրիտանիայում Պաղեստինի դեսպանորդը, տեղեկացնում է Reuters-ը։

«Սա քաղաքական կրկես է, սա քաղաքական թատրոնի տխուր ներկայացում է»,- ասել է Խուսամ Զոմլոտը, որը մինչ այդ զբաղեցնում էր Վաշինգտոնում պաղեստինյան առաքելության ղեկավարի պաշտոնը եւ եղել է նախագահ Մահմուդ Աբասի խորհրդականը։

Թեեւ խաղաղ առաջարկը, որը Թրամփը կհայտարարի կեսօրին Վաշինգտոնում, կարող է վերաբերել պաղեստինյան պետության ստեղծմանը, Զոմլոտը նշել է, որ այն իսկական պետության ոչ մի բնութագիր չի ունենա եւ թույլ կտա իսրայելցիներին բաժանել պաղեստինցիներին։

«2020 թվականի հունվարի 28-ը կլինի ԱՄՆ պաշտոնական հավանության օրը ապարտեիդների լիարժեք համակարգ մտցնելու առումով։ Թրամփը պատմության մեջ կմտնի որպես մեկը, ով դրդել է Իսրայելին ոչ ճիշտ ուղղությամբ»,- ասել է նա։

Պլանի մանրամասները, որի վրա աշխատել են Թրամփի փեսա Ջարեդ Քուշները եւ մյուս խորհրդականները վերջին երկու տարվա ընթացքում, գաղտնի են պահվել։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրավիրվել է Վաշինգտոն պլանը ներկայացնելու համար։