Հարավաֆրիկյան միլիարդատերը ներողություն է խնդրել այն բանի համար, որ անցյալ շաբաթ Դավոսում համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ասել է «Աֆրիկան սիրում է ձեզ», հայտնում է AP-ը։
Սոցցանցրում տեսահոլովակի հայտնվելուց հետո, որտեղ Պատրիսպ Մոցեպեն ասում է Թրամփին․ «Աֆրիկան սիրում է Ամերիկային։ Աֆրիկան սիրում է ձեզ։ Դա շատ-շատ կարեւոր է։ Մենք ուզում ենք, որ Ամերիկան հաջողի։ Մենք ուզում ենք, որպեսզի դուք հաջողեք։ Ամերիկայի հաջողությունը ամբողջ աշխարհի հաջողությունն է», միլիարդատիրոջը կտրուկ քննադատության են ենթարկել։ Նրա հայտարարությունը զայրացրել է նաեւ կառավարության որոշ անդամների։ Ֆինանսների նախարար Տիտո Մբովենին հայտարարել է, որ միլիարդատիրոջ հայացքները չեն արտացոլում կառավարության կարծիքը։
Կվազուլու-Նատալ շրջանի վարչապետ Սիխլե Զիկալալան ավելի անկեղծ է եղել՝ հայտարարելով, որ Թրամփը «Աֆրիկյան ազգային կոնգրես» իշխող կուսակցության բարեկամը չէ, եւ որ հարավային Աֆրիկան ոչինչ չի սպասում ԱՄՆ նախագահից։
Թրամփին քննադատել են Աֆրիկայի մասին նրա մեկնաբանությունների, այդ թվում աֆրիկյան երկրները կեղտոտ զուգարանների հետ համեմատելու համար։
Երեքշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ Մոցեպեն նշել է, որ կուզեր ներողություն խնդրել։ «Ես իրավունք չունեմ խոսել որեւէ մեկի անունից, բացի ինձնից»,- ասել է նա։
Մոցեպեն առաջին սեւամորթ աֆրիկացին է Forbes-ի միլիարդատերերի ցուցակում։ Նա ՀԱՀ նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի փեսան է։