Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ ոստիկանությունը պետք է հիմնավոր պատճառներ ներկայացնեն քաղաքացիներին բերման ենթարկելու առնչությամբ, հակառակ պարագայում հիմքեր կան ենթադրելու, որ քաղաքական ղեկավարությունը քաղաքական հետապնդման է ենթարկում իր ընդդիմախոսներին կամ էլ արհեստականորեն հետապնդման իմիտացիա է ստեղծում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նշենք, որ այսօր՝ հունվարի 28-ին, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները բերման էին ենթարկել «Ադեկվադ» կուսակցության հիմնադիրներից Արթուր Դանիելյանին, Կոնստանտին Տեր-Նակալյանը եւ անդամներից՝ Գրիգոր Մինասյանն ու Ազատ Ադամյանը: Ավելի վաղ բերման էր ենթարկվել նաեւ ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը: Նրանք բերման են ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։ Որոշ ժամանակ անց քաղաքացիներն ազատ արձակվեցին։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Այսօր ոստիկանությունը բերման է ենթարկել հինգ քաղաքացիների։ Բազմիցս նշել ենք, որ մարդու իրավունքների պաշտպանությունը մեզ համար առաջնահերթություն է, անկախ այն հանգամանքից, թե քաղաքացիները որ քաղաքական ճամբարից են՝ «հեղափոխական», թե «հակահեղափոխական»։ Ասվածից հետեւում է, որ վարչապետ Փաշինյանն ու ՀՀ ոստիկանությունը պետք է հիմնավոր պատճառներ ներկայացնեն քաղաքացիներին բերման ենթարկելու առնչությամբ, հակառակ պարագայում հիմքեր կան ենթադրելու, որ քաղաքական ղեկավարությունը քաղաքական հետապնդման է ենթարկում իր ընդդիմախոսներին կամ էլ արհեստականորեն հետապնդման իմիտացիա է ստեղծում»։