ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին Դաշնային պահուստին կոչ է արել նվազեցնել տոկոսադրույքները, այս անգամ հայտարարելով, որ դա կարող է օգնել ԱՄՆ-ին մարել իր աճող պետական պարտքը, հայտնում է CNBC-ը։

Նրա խոսքերով՝ կենտրոնական բանկը պետք է նվազեցնի վարկերի իր կարեւորագույն դրույքը, որպեսզի այն ավել շատ համապատասխանի համաշխարհային նման տոկոսադրույքներին։ Թրամփը ԴՊ-ին կոչ է արել «ավելի խելացի» լինել եւ «մեր շահերը մրցունակ դարձնել» այլ երկրների հետ։ «Այդ դեպքում մենք կկենտրոնանանք պարտքի մարման եւ վերաֆինանսավորման վրա»,- Twitter-ում գրել է Թրամփը։

Թրամփը բազմիցս կոչ է արել ԴՊ-ին նվազեցնել մեկօրյա փոխառնման բազային տոկոսադրույքը, որը ներկայում գտնվում է 1,5-1,7 տոկոսի միջակայքում։

Պետական պարտքը Թրամփի կառավարման ընթացքում աճել է 16,4 տոկոսով՝ հասնելով մինչեւ 23,2 տրիլիոն դոլարի։ Բյուջետային դեֆիցիտը կազմել է ավելի քան 1 տրիլիոն դոլար՝ օրացուցային 2019թ․ համար։