Ոստիկանության կողմից կիրառվող այսօրվա միջոցառումները չեն տեղավորովում իրավական տրամաբանության շրջանակում և իրականացվում են ակնհայտ ռեպրեսիվ նպատակներով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

«Շարունակում եմ պնդումներս, որ նմանաբնույթ գործողություններն ուղղակի սպառնալիք են մեր պետության իրավական անվտանգությանը և ուղղված են ճնշելու քաղաքական այլախոհությանը և լռեցնելու այլակարծությունը։

Որպես Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի համահիմնադիր և գործադիր տնօրեն ուշադրությամբ հետևում եմ իրավապահ մարմինների գործողություններին։

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ցանկացած խախտում և սահմանափակում արձանագրվելու, բարձրաձայնվելու և խիստ քննադատության է արժանանալու», գրել է Գ.Մելոյանը եւ կոչ արել իրավապաշտպաններին, հասարակական կազմակերպություններին, միջազգային կառույցների ներկայացուցիչներին հետեւել տեղի ունեցող գործընթացներին եւ տալ համարժեք գնահատական։