Գերագույն Ռադայում գրանցվել է օրենսդրական նախագիծ, որով առաջարկվում է հարկեր սահմանել YouTube-ի, Netflix-ի, Facebook-ի եւ տեսակոնտենտ վաճառող այլ ընկերությունների համար։ Այս մասին են վկայում խորհրդարանի պաշտոնական կայքի տվյալները։ Հունվարի 28-ի դրությամբ փաստաթուղթը քննարկվում է համապատասխան հանձնաժողովում, հայտնում է «Сегодня»-ն։

Ինչպես նշվում է պարզաբանող գրության մեջ, թվային ծառայություններ մատուցող արտասահմանյան ընկերությունների գործունեությունն Ուկրաինայում «իրականացվում է առանց պատշաճ հարկման»։ «Դա հանգեցնում է պետական բյուջեի վնասների եւ ոչ մրցակցային միջավայր է ստեղծում ռեզիդենտ-վճարողների համար։ Դրանով իսկ խախտվում են հավասարության բազային սկզբունքները եւ հարկատուի հարկման չեզոքությունը»,- ասվում է փաստաթղթում։

Օրենսդրական նախագիծն առաջարկում է ավելացված արժեքի 20 տոկոսանոց հարկ սահմանել ցանկացած ծառայությունների համար, որոնք ուկրաինացիները ինտերնետի միջոցով ստանում են արտասահմանյան ընկերություններից։ Այդպիսի ընկերություններ Ուկրաինայում հանդիսանում են, օրինակ, YouTube-ը, Netflix-ը, Google-ը, Apple-ը եւ այլն։ Բացի այդ, փոփոխությունները կարող են առնչվել Facebook, Instagram, Twitter սոցցանցերում եւ բջջային հավելվածներում գովազդների տեղադրմանը։

Եթե ընկերությունը որպես ԱԱՀ վճարող չգրանցվի Ուկրաինայում, նրան առաջարկում են տուգանել 8 500 դոլարի չափով։