Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մերձավոր Արեւելքում խաղաղ պլանն անվանել է «դավադրություն»՝ հայտարարելով, որ պաղեստինցիների իրավունքները «չեն վաճառվում»։

«Ես Թրամփին եւ Նեթանյահուին ասում եմ՝ Երուսաղեմը չի վաճառվում, մեր իրավունքները չեն վաճառվում եւ չեն կարող առեւտրի առարկա լինել։ Եւ ձեր գործարքը՝ դավադրությունը, չի անցնի»,- իր հեռուստաուղերձում ասել է Աբասը։

«Այն դատարկաբանությունից հետո, որ մենք լսել ենք այսօր, մենք հազար «ոչ» ենք ասում «դարի գործարքին»։ Նրա խոսքերով՝ պաղեստինցիները առաջվա պես հավատարիմ են իսրայելական օկուպացիայի եւ արեւելյան Երուսաղեմի մայրաքաղաքով պետություն ստեղծելու դադարեցմանը։

Ավելի վաղ Թրամփը եւ Նեթանյահուն Վաշինգտոնում ներկայացրել էին իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորման պլանը։ Պաղեստինցիները մինչեւ հրապարակելն էին մերժել այդ պլանը։

Պլանը կոչ է անում ստեղծել Պաղեստինի պետություն՝ արեւելյան Երուսաղեմի շրջանում մայրաքաղաքով։ Դա ավելի քան երկու անգամ կմեծացնի այժմ Պաղեստինի հսկողության տակ գտնվող տարածքը, թեեւ Թրամփը նշել է, որ Երուսաղեմը կմնա Իսրայելի անբաժանելի մայրաքաղաքը։