Հորդանանի ԱԳ նախարար Այման Սաֆադին հայտարարել է տարածաշրջանում լարվածության սպառնալիքի մասին՝ կապված միակողմանի իսրայելական քայլերի եւ արաբական խաղաղ նախաձեռնության հիմքով բանակցություններ սկսելու անհրաժեշտության հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Petra պետական գործակալությանը։

«Հորդանանը աջակցում է արդար եւ լայնամասշտաբ խաղաղության հասնելու ցանկացած իրական ջանքերի, որոնք կընդունեն ժողովուրդները։ Եւ ընդգծում է լուրջ ուղիղ բանակցությունների մեկնարկի անհրաժեշտությունը, որոնք վերջնականապես կլուծեն բոլոր խնդիրները․․․ համընդհանուր սկզբունքների, արաբական խաղաղ նախաձեռնության եւ միջազգային բանաձեւերի համաձայն»,- ասվում է նախարարի հայտարարության մեջ՝ կապված իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորման ԱՄՆ-ի պլանի հետ։

Նախարարն ընդգծել է, որ թագավորությունը հակամարտության լուծման միակ հնարավոր տարբերակ համարում է երկու պետությունների համատեղ գոյակցությունը՝ հիմնված միջազգային իրավունքի վրա։ Նա նշել է, որ այդ հարցում Հորդանանի դիրքորոշումն անփոփոխ է։

Թրամփը Վաշինգտոնում հրապարակել էր իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորման 80 էջանոց պլանի որոշ դրույթներ։ Պլանը կոչ է անում ստեղծել Պաղեստինի պետություն՝ արեւելյան Երուսաղեմի շրջանում մայրաքաղաքով։ Դա ավելի քան երկու անգամ կմեծացնի այժմ Պաղեստինի հսկողության տակ գտնվող տարածքը, թեեւ Թրամփը նշել է, որ Երուսաղեմը կմնա Իսրայելի անբաժանելի մայրաքաղաքը։

Ըստ Թրամփի՝ նպատակն այն է, որ հասնեն Իսրայելի պետության՝ որպես ազգային հրեական պետության, եւ Պաղեստինի պետության փոխադարձ ճանաչման՝ հավասար քաղաքացիական իրավունքներով բոլորի համար՝ յուրաքանչյուր պետությունում։ Թրամփը խոստացել է, թե ԱՄՆ-ը կաշխատի, որ պաղեստինյան պետության տարածքն անքակտելի լինի։