ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն կարծում է, որ պաղեստինցիները ժամանակի ընթացքում հավանություն կտան Մերձավոր Արեւելքում կարգավորման Վաշինգտոնի նոր պլանին։ Այս մասին  ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է ամերիկացի լրագրող Բեն Շապիրոյին հարցազրույցում, որի սղագրությունը երեքշաբթի տարածել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Արդյունքում՝ պաղեստինցիները պետք է որոշեն՝ ցանկանո՞ւմ են արդյոք այսուհետ եւս ապրել այն դժվար պայմաններում, որոնցում ապրում են այսօր»,- ասել է Պոմպեոն։ Նա նշել է, որ հավանության դեպքում պաղեստինցիների առջեւ «փայլուն ապագա» կբացվի։

«Հիմա նրանց ընձեռվել է այդ հնարավորությունը։ Նրանք պարտավոր չեն դա անել այսօր կամ վաղը»,- ասել է Պոմպեոն։ «Ես համոզված եմ, որ պաղեստինցի ժողովուրդը հաջորդ շաբաթներին ու ամիսներին կհասկանա, որ այդ հնարավորությունը նրանց համար լավագույնն է, իսկ մենք նրանց տալիս ենք չորս տարի։ Ես հույս ունեմ, որ այդպես էլ կլինի»,- ավելացրել է ԱՄՆ պետքարտուղարը։