Մարդու իրավունքների պաշտպանն իրականացրել է այն բողոքների ամփոփումը, որոնք վերաբերում են ողջամիտ ժամկետում գործի քննությանը դատարաններում:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ յդ բողոքները վերաբերում են նաեւ նրան, որ կոպիտ խախտումների, տարիներով գործերի ձգձգման դեպքում չկան պատասխանատվության մեխանիզմներ:

Մասնավորապես, բողոքների հիմնական մասը վերաբերում է նրան, որ դատարաններում գտնվող գործերի քննությունը տարիներ է տեւում, որ արդյունքում խախտվում է դատարանի կողմից անձանց գործի ողջամիտ ժամկետում քննության սահմանադրական իրավունքը, իսկ նման դեպքերում նրանց խախտված իրավունքի վերականգնման արդյունավետ կառուցակարգեր առկա չեն:

Օրինակ, մի դեպքում քրեական գործի առնչությամբ ամբաստանյալը տեղեկացրել է, որ դատական նիստերը շարունակ անհիմն հետաձգվում են, ընդհանուր առմամբ շուրջ 50 դատական նիստ չի կայացվել:

Մեկ այլ դեպքում դատարանում գործը քննվում է 8 տարուց ավելի, եւ տվյալ գործով վերջնական դատական ակտ դեռեւս չի կայացվել: Մեկ այլ բողոքի համաձայն՝ դատական նիստերը նշանակվում են 2-3 կամ 3-6 ամիսը մեկ անգամ հաճախականությամբ, իսկ նշանակված նիստերն էլ, ըստ բողոք ներկայացրած անձանց, անհիմն հետաձգվում են (եղել է դեպք, երբ միմյանց հաջորդող 5 նիստեր հետաձգվել են) եւ այլն:

Խնդրի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան եւ հրապարակել արտահերթ զեկույց: