Կրեմլը շարունակում է վերլուծել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած պաղեստինա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիրը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք շարունակում ենք վերլուծել այդ տեղեկությունն ու ծրագիրը, որը պատրաստել է Սպիտակ տան վարչակազմը: Վաղը հանդիպում կանցկացվի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, եւ այսպես ասած, առաջին ձեռքից տեղեկություն կստանանք»,- ասել է նա:

Պեսկովի խոսքով՝ «դեռեւս կարելի է միայն նշել, որ ծրագրին աջակցում են Իսրայելն ու մի շարք այլ պետություններ, սակայն կոշտ քննադատության է արժանացել գործարքի անմիջական մասնակից Պաղեստինի կողմից»: «Դուք գիտեք, որ Ռուսաստանը շարունակում է մնալ մերձարեւելյան «հնգյակի» պատասխանատու մասնակիցը: Անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ է շարունակել ջանքերը՝ Մերձավոր Արեւելքում խաղաղության հասնելու համար»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը:

«Դարի գործարքը»

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է այսպես կոչված «դարի գործարքի» առանցքային դրույթների մասին: Գործարքի հիմքում ընկած է երկու պետությունների փոխադարձ ճանաչումը։ Պաղեստինի տարածքը, որը կազմված է Գազայի հատվածից եւ Հորդանան գետի Արեւմտյան ափից, առաջարկվում է անխզելիորեն կապել տրանսպորտային արագընթաց հաղորդակցությամբ, այդպիսով, ըստ Թրամփի, արաբական պետության տարածքը կրկնակի կմեծանա։ Փաստաթղթում հատուկ ուշադրություն է հատկացված Երուսաղեմի կարգավիճակին. Վաշինգտոնն առաջարկում է արաբական պետության մայրաքաղաք ճանաչել Արեւելյան Երուսաղեմը (ըստ Նեթանյահուի՝ խոսքը Երուսաղեմի Աբու Դիս արվարձանի մասին է) եւ միաժամանակ Իսրայելի «անբաժանելի մայրաքաղաք» համարել ամբողջ Երուսաղեմը։ 

Որպես խաղաղ գործընթացի պայման ԱՄՆ նախագահը նշել է Պաղեստինի իշխանությունների հրաժարումը Գազայում գործող ՀԱՄԱՍ արմատական շարժմանն աջակցությունից, ինչպես նաեւ զինված պայքարի մեթոդներից։ Ընդ որում՝ Վաշինգտոնը պնդում է չորս տարով «սառեցնել» հրեական բնակավայրերի շինարարության ծրագրերը պաղեստինյան տարածքում։ Որպես կարգավորման պայման ԱՄՆ-ն առաջարկում է 50 մլրդ դոլարի ներդրումներ:  

Իսրայելի վարչապետը հավանություն է տվել Թրամփի առաջարկին եւ պատրաստակամություն հայտնել անհապաղ սկսել պաղեստինցիների հետ խաղաղ բանակցությունները: Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը եւ «ՀԱՄԱՍ» ծայրահեղական շարժման ներկայացուցիչները վճռականորեն մերժել են ԱՄՆ նախագահի առաջարկները: