Հայաստանի երեք մարզերում հրշեջ փրկարարները նոր, ճապոնական տեխնիկայով իրականացնելու են իրենց ծառայությունը։ Երկու կառավարությունների համաձայնությամբ՝ Ճապոնիան Հայաստանին հրշեջ մեքենաների հերթական խմբաքանակն է նվիրել՝ 22 հատ։

Այս մեքենաները նախատեսված են Լոռու, Շիրակի ու Սյունիքի հրշեջ-փրկարարական ջոկատների համալրման համար։

«Սա մեծ քանակություն էր, երբեւիցե այսքան մեծ քանակություն չէր եղել: Սա չի նշանակում, որ մենք լրիվ հագեցած ենք: Կառավարության պայմանագրով նախատեսված էր, որ այս օգնությունը պետք է լիներ Շիրակի, Լոռու եւ Սյունիքի մարզերի համար: Նախորդ անգամ էլ 18 մեքենա տրվել է նույն մարզերին։ Հիմա էնտեղ հագեցվածությունը, կարելի է ասել՝ լիարժեք է»,- մեքենաները ներկայացնելով՝ ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

«Հաջորդ ծրագրերը, հավանաբար, մյուս մարզերի հետ կապված կլինեն: Մարզեր կան, որ տեխնիկան հին է, «ԶԻԼ»-եր են, «ԿամԱԶ»-ներ կան: Հիմա այնտեղի եղած լավ տեխնիկան տեղափոխելու ենք հավանաբար Երեւան եւ մյուս մարզեր, որտեղ թույլ է վիճակը»: