Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հունվարի 29-ին, Քարվաճառ քաղաքում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շահումյանի շրջվարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների եւ դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Քննարկվել են շրջանում իրականացվող տարբեր ծրագրերի ընթացքին եւ առկա խնդիրներին վերաբերող հարցեր: Բակո Սահակյանը մեկ անգամ եւս կարեւորել է Շահումյանի շրջանի դերը մեր հայրենիքի ջրային անվտագության ապահովման հարցում եւ ընդգծել, որ տարբեր նախագծերի իրականացման ընթացում անվերապահորեն պետք է հետեւեն բնապահպանական նորմերին: Նախագահը նշել է, որ այդ հարցերը մշտապես լինելու են պետության ուշադրության կենտրոնում, եւ թերությունների ծագման դեպքում կձեռնարկվեն բոլոր միջոցները դրանք շտկելու ուղղությամբ: Նախագահը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: