Իսպանիայի մայրաքաղաքի վարչակազմը «Պետական Էրմիտաժ» պետերբուրգյան թանգարանի մասնաճյուղը Մադրիդում բացելու մասին անհապաղ բանակցություններ կսկսի ռուսական թանգարանի եւ Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանի գործընկերների հետ։ Այս մասին հունվարի 29-ին հայտնել է իսպանական АВС թերթը, հաղորդում է DW-ը։

Համաշխարհային ճանաչում ունեցող թանգարանի մասնաճյուղն իրենց մոտ բացելու գաղափարը Մադրիդում ծագել է նման ծրագրից Բարսելոնի հրաժարվելուց հետո։

Մադրիդի մշակույթի վարչությունում DW-ին հաստատել են մասնաճյուղի կառուցման նախագիծը ռուսաստանցիների հետ դիտարկելու մտադրությունը՝ ենթադրելով, որ այն կարող է «հսկայական մշակութային հետաքրքրություն» ներկայացնել իսպանացիների համար։

Բարսելոնում Էրմիտաժի մասնաճյուղ բացելու համաձայնագիրը ստորագրվել էր դեռեւս 2012թ․։ Սակայն բարսելոնյան քաղաքապետարանը մինչեւ վերջերս ձգձգում էր դրա կառուցման թույլտվության տրամադրումը։ Այնպես որ Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիատրովսկին անցած աշնանը հայտարարել էր, որ թանգարանն իր մասնաճյուղը բացելու համար «կարող է այլ քաղաք գտնել»։

2020թ․ հունվարի կեսին Բարսելոնն ընդհանրապես հրաժարվել է նախագծից։ АВС-ն ենթադրում է, որ այդ որոշման վրա ազդել են կատալոնացի ազգայնականները։ Նրանք բազմիցս դեմ են հանդես եկել մասնաճյուղի բացմանը՝ հայտարարելով, որ Բարսելոնին անհրաժեշտ է «կատալոնական մեծ արվեստը» քարոզել, ոչ թե արտասահմանյանը։

Նախագծի իրականացման դեպքում Էրմիտաժը կդառնա երկրորդ ռուսական թանգարանը Իսպանիայում։ Առաջինը Ռուսական թանգարանի մասնաճյուղն է, որը 2015թ․ բացվել է Մալագայում։ Այն ժամանակվանից թանգարան են այցելել հարյուրհազարավոր իսպանացիներ եւ արտասահմանցիներ։

Մադրիդը հայտնի է երեք պատկերասրահներով՝ Պրադոյի թանգարանով, Սոֆյա թագուհու անվան ժամանակակից արվեստի թանգարանով եւ Տիսեն-Բորնեմիսի մասնավոր հավաքածուով։