Ադրբեջանի, Իրանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովը, Ալի Աքբար Սալեհին եւ Ահմեդ Դավութօղլուն Իրանի Ուրմիա քաղաքում ապրիլի 15-ին ունեցած հանդիպման արդյունքներով համատեղ հռչակագիր են ընդունել, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը:
Կողմերը պայմանավորվել են ստեղծել տնտեսական հարցերով եռակողմ հանձնաժողով, նվազեցնել մաքստուրքերը, դյուրացնել սահմանի հատման գործընթացը, ինչպես նաեւ ստեղծել համատեղ ընկերություններ:
Բացի այդ, ըստ հռչակագրի, երեք երկրների միջեւ կստեղծվեն պատմական դեմքերի հոբելյանները համատեղ նշելու եւ մշակութային միջոցառումների անցկացման հնարավորություններ:
Երեք երկրները պայմանվորվել են տեղեկատվություն փոխանակել անվտանգության ոլորտում` ահաբեկչության, մաքսանենգ զենքի եւ թմրամիջոցների, անօրինական միգրացիայի դեմ պայքարի եւ վերահսկողության նպատակով:
Հռչակագրում դրույթ կա նաեւ միջազգային կազմակերպություններում համագործակցության մասին:
Կողմերը պայմանավորվել են նաեւ սահմանամերձ գոտիներում տուրիզմի, տրանսպորտի եւ հաղոդակցության ոլորտներում հարաբերությունների զարգացման մասին: