Շվեյցարական Growcer ընկերությունը Migros Basel կոպերատիվ միջնորդի հետ համագործակցությամբ ներկայում մշակում է առաջին ռոբոտացված ուղղահայաց ֆերման Շվեյցարիայում, գրում է Comments.ua-ն։

Կլոր տարին ֆերման կգործի՝ անկախ եղանակային պայմաններից, առանց պեստիցիդների եւ ջրի չնչին օգտագործմամբ։ Առաքման կարճ երթուղիների շնորհիվ արտադրանքը տեղի խանութներ կառաքվի նույն օրը, երբ այն հավաքվել է։ Արտադրությունը շուտով կսկսվի, եւ առաջին մթերքները, ինչպես ակնկալվում է, այս ամառ հասանելի կլինեն բացառապես MParc Dreispitz-ում։

Առաջին շվեյցարական ուղղահայաց ֆերման ներկայում կառուցվում է պահեստում, որը տեղակայված է Բազել քաղաքի Վոլֆ շրջանում։ Դա ամբողջովին ավտոմատացված ֆերմա է՝ մեքենաներով, որոնք կատարում են ամբողջ աշխատանքը՝ ցանելուց մինչեւ ջրել եւ բերքահավաք։ Արտադրական խցերն ամբողջովին մեկուսացած են շրջակա միջավայրից, ինչն ապահովում է կլոր տարվա արտադրություն՝ առանց հողի, պեստիցիդների եւ ջրի 90 տոկոս խնայողությամբ։ Տարածքն օգտագործվում է առավելագույն արդյունավետությամբ՝ 400ք/մ հողը վերածելով 1000 ք/մ աճող տարածքի։ Ֆերման կարող է ամբողջ տարվա ընթացքում արտադրել կանաչի, բանջարեղեն եւ արագ, մի քանի ժամվա ընթացքում թարմ մթերքները առաքել խանութներ։

Վոլֆ շրջանում տեղակայված օբյեկտը գարնանը պատրաստ կլինի։ Սպասվում է, որ առաջին մթերքները հասանելի կլինեն բացառապես Migros MParc Dreispitz-ում՝ ամառը։