Արգավանդի խաչմերուկն այս պահին փակ է։ Այստեղ մեծաքանակ ոստիկանական ուժեր են կենտրոնացած․ նրանք թույլ չեն տալիս հունվարի 30-ին մահացած զինծառայողի հարազատներին նրա դագաղը Երեւան տանել:

Նշենք, որ հարազատները ցանկանում են մահացած զինծառայողի դին տեղափոխել Պաշտպանության նախարարություն:

Այս պահին հարազատների հետ բանակցում են ՀՀ պաշտպանության  նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նշենք, որ Արցախում` զորամասի հրաձգարանում հունվարի 30-ին մահացած զինծառայողի հարազատները չեն հավատում մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին:

NEWS.am-ի հետ զրույցում հարազատները պնդում են, որ կատարվածը սպանություն է: Վահրամը բանակ էր զորակոչվել 6 ամիս առաջ, ծառայում էր Արցախում: Զինվորը մահացել է հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ զինվորն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն: