Մեր կյանքը միայն ֆեսբուքյան գրառումների մակարդակում է։ Տնտեսական հեղափոխությունն էլ է միայն ֆեյսբուքյան լայվերի ու ֆեյսբուքյան գրառումների մակարդակում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով  Հայաստանում ատելության խոսքը կանխելու եւ պատժելու նպատակով օրենքի նախագիծ մշակելուն ուղղված իշխանության սկսած գործընթացի շրջանակում՝ աշխատանքային խումբ ստեղծելու ԱԺ «Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի» որոշմանը։

«Աշխատանքային խմբի առաջին նիստին մասնակցել եմ նաեւ ես, որպես խմբի անդամ եւ իմ թիվ մեկ պահանջը եղել է այն, որ դա իսկապես գլոբալ խնդիր է, առաջին նիստից սկսենք լուսաբանել ընթացքը։ Դրան դեմ եղան առանձին անդամներ՝ պատճառաբանելով, որ բովանդակային քննարկում չկա, դրա համար նպատակահարմար չէ լրատվամիջոցների առկայությունը։ Առաջին նիստին պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպես հրապարակայնության սկզբունքի իրացման երաշխիք, աշխատանքներին ներգրավել նաեւ հասարակական կազմակերպություններին։ Պրոֆեսիոնալիզմի սկզբունքը պահելու համար մենք նախապես որոշեցինք, որ ներգրավվեն այն ՀԿ–ները, որոնք այդ բնագավառում փորձ ունեն, բայց ստացվեց, որ փաստորեն պատշաճ կերպով հրավեր չէր ուղարկվել, ֆեյսբուքյան գրառում անելը հրավեր չէ։ Քանի որ շահագրգռված ՀԿ–ների մեծամասնությունը տեղյակ էր՝ ինչի մասին է խոսքը, ստացվեց այնպես, որ ներկայացել էին մեկ ուժ, մեկ գաղափար ներկայացնող, «Բաց հասարակություններ» կազմակերպությանը հարող կազմակերպությունները։ Ստացվում է, որ այդ աշխատանքային խմբի աշխատանքներին մասնակցությունը լինելու է բացարձակ անհավասար պայմաններում։ Մեր խմբակցության մյուս ներկայացուցիչները պահանջել են, որ աշխատանքային խմբին մասնակցեն նաեւ այլ ՀԿ–ներ։ Եթե մենք ասում ենք՝ այս երկում ամեն ինչ պետք է անցկացվի մրցակցային մթնոլորտում, եկեք ապահովենք այդ մրցակցությունը»,– ասաց նա։

Պետրոսյանի խոսքով՝ խմբակցության ներսում կքննարկեն այդ աշխատանքային խմբին իրենց մասնակցելու նպատակահարմարության հարցը։

«Իրավունքի առումով մենք չենք ընկճվում, խնդիր չունենք, բայց պատկերացրեք՝ ՀԿ–ները բաշխված են լինելու 2–ը 10–ի հարաբերակցությամբ։ Ինչ խոսենք, այն կողմից բնականաբար լինելու է գրոհ»։

Նրա խոսքով՝ եթե իշխանությունն ուզում է մրցակցային մթնոլորտ ապահովել, կարող է եւս 10 օր հետաձգել՝ շահագրգիռ կազամակերպություններին հրավիրելու համար՝ ոչ ֆեյսբուքի միջոցով։

«Եթե իշխանությունը շահագրգռված է օբյեկտիվ քննարկում անցկացնել, եկեք անցկացնենք։ Իրականում սա շինծու օրակարգ է, սա քաղաքական այլախոհությունը զսպելու մի մեխանիզմ է, որովհետեւ ի՞նչ է նշանակում ատելության խոսք, այո, ես ատում եմ համասեռամոլությունը, ես ատում եմ տգիտությունը, ատում եմ ոչ կառուցողական մոտեցումը, ատում եմ հայրենիքի դավաճանությունը, այս ամենն ատելության առարկա է։ Հիմա, եթե ես ասեցի՝ ատում եմ այս երեւույթները, վաղը մյուս օրը պետք է մի նախագիծ ընդունեն, ասեն՝ պատասխանատվության ենթարկվի ատելության մթնոլորտ տարածելու համար։ Եթե կարողանան ինձ եւ իմ նմաններին բացատրել, թե որտեղ է ավարտվում խոսքի ազատության սահմանը, եւ որտեղից է սկսվում ատելության խոսքը, ես այս նախագիծը կհամարեմ օրինաչափ երեւույթ, բայց իրենք չեն կարողանալու գծել այդ սահմանը։ Իմ անձնական կարծիքն է, սա արվում է նրա համար, որ այն ատելության խոսքը, որ հնչում է հօգուտ իշխանության՝ համարվի շատ նորմալ, սրա հետեւից իրավապահ մարմինները չգնան, մարդկանց չփռեն ասֆալտներին եւ չծեփեն պատերին, իսկ այն խոսքը, որն ասվում է որպես ընդդիմախոսություն, այս մարդկանց ասեն՝ դուք այլախոհներ եք, ատելության խոսք տարածողներ եք, ատելության մթնոլորտի պահապաններ եք, գնացինք ձեր պատասխանատվության հարցերը լուծելու»։

Պատգամավորի խոսքով՝ քանի որ իշխանության խնդիրներն օր օրի ավելանում են, իսկ դրանց լուծման հարցում հասարակությունը տեսանելի առաջընթացի ականատես չի լինում, հետեւաբար, այստեղից օբյեկտիվորեն ծնվում է քննադատության խոսք. «Բա ընդդիմության դերն ինչո՞ւմն է, եթե իշխանությունն ինչ ասի, մենք պետք է ծափահարենք, ասենք՝ երկրում այլախոհություն չկա, ատելություն չկա, ուրեմն ընդդիմություն չկա, այդ դեպքում եկեք Սահմանադրությունից եւ ԱԺ կանոնակարգ օրենքից ընդհանրապես վերացնենք ընդդիմություն, ընդդիմադիր խմբակցություն եզրույթները, թող ԱԺ–ն, ինչպես Կառավարությունը, բաղկացած լինի մեկ քաղաքական ուժից եւ երկրի ամբողջ պատասխանատվությունը կրի այդ մեկ քաղաքական ուժը, այս սահմանադրական փոփոխություններն էլ, որ ուզում են անել, թող տանեն դրան»։

Պետրոսյանի խոսքով՝ Աժ կանոնակարգ սահմանադրական օրենքը թույլ է տալիս, որ իրենց խմբակցությունը նույն թեմայով հրավիրի հասարակական լսումներ. «Մենք լսումներ հրավիրելու դեպքում հավասարության մթնոլորտը երաշխավորելու համար բարեխղճորեն կծանուցենք բոլոր շահագրգիռ կազմակերպություններին՝ անկախ նրանից, թե նախկինում այդ կազմակերպությունն ինչ կողմերով է աչքի ընկել։ Այս պայմաններում մենք մասնակցելու բուռն ցանկություն չունենք»։