«Սասնա ծռերի» գործով դատական նիստին գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը դատարանին դիմեց, թե ինչու դատարանը չի անդրադառնում իրեն վնասազերծելու դեպքին, եւ արդյոք դատարանը պատրաստվո՞ւմ է իրեն վնասազերծելու տեսանյութերը պահանջել նախաքննական մարմնից;

«Ինչ պայմաններում են ինձ վնասազերծել, դրան դատարանն ընթացք չի տվել։ Ինչ հանգամանքներում եւ ինչի համար են ինձ վնասազերծել։ Չկա խփելու տեսարանը, տեսանյութերը չկան։ Այն ժամանակ Ինեսսա Պետրոսյանը միջնորդել էր դրա վերաբերյալ»,- ասաց Մանուկյանը։

Նա հավելեց, որ ոչ միայն իր վնասազերծելու, այլ նաեւ իր որդու՝ Արամ Մանուկյանի վնասազերծելու հանգամանքներին անդրադառնա դատարանը։

Դատարանն ասաց, որ սույն դատաքննությանն այդ միջնորդությունը չի կարող քննության առարկա լինել, քանի որ դա այլ դեպքով հարուցված քրեական գործ է։

Նշենք, որ նախորդ դատական մի քանի նիստերին հարցաքննվել են այդ գործով ամբաստանյալները։

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

Զինված հարձակման հետեւանքով զոհվել են գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։

ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ: