Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստվայրում ընթացող «Սասնա ծռերի» գործով դատական նիստին ամբաստանյալներից մեկի պաշտպան Զարուհի Փոստանջյանը միջնորդեց, որ գործով տուժող Գագիկ Մկրտչյանի հիվանդության պատմագիրը վերցնեն տվյալ բուժհաստատությունից կամ ՀՔԾ-ից։

«Դատաքննությունը լրացնելու համար անհրաժեշտություն է առաջացել հետազոտել տուժող Գագիկ Մկրտչյանի հիվանդության պատմությունը։ Իրարամերժ ցուցմունքների առկայության պայմաններում հնարավոր է այլ փաստեր առաջ գան»,- ասաց պաշտպանը։

Փոստանջյանը միջնորդեց, որ դատարան հրավիրվեն նաեւ տվյալ բուժհաստատության վիրաբույժները, որոնք վիրահատել կամ բուժօգնություն են ցուցաբերել Գագիկ Մկրտչյանին։

Գագիկ Մկրտչյանի կինն էլ առաջարկեց, որ ոչ միայն վիրաբույժները այլ նաեւ բուժքույրերը ներկայանան դատարան եւ պատասխանեն եւ՛ մեղադրող եւ՛ պաշտպանական կողմերի հարցերին։

Այդ միջոցին խոսեց նաեւ գործով ամբաստանյալ Արմեն Բիլյանը. «ՀՔԾ-ի Էդիկ Հակոբյանը թող գա ու պատմի, թե ինչ հեքիաթներ է գրել»։

«Արմեն Բիլյանը երբեք իր զենք վայր չի դրել, քանի որ ազգ է բռնաբարվում»։

Դատարանն ասաց, եթե ամբաստանյալը հայտարարություն է անում, ապա պետք է կոռեկտության սահմանում անի։

Դատարանը սկզբում կիրառեց դատական սանկիա՝ նկատողության կարգով, այնուհետև Բիլյանը մեկ ժամ հեռացվեց նիստերի դահլիճից։

Դատարանն ասաց Բիլյանին՝ տեղից չխոսել, այնուամենայնիվ, Բիլյանը շարունակեց․ 

Մեղադրող դատախազն ասաց, որ ներկայացված միջնորդության վերաբերյալ առարկություն չունի, սակայն կարող է այստեղ այլ նպատակ կարող է լինել։

Դատարանը Փոստանջյանի միջնորդությունը բավարարեց։ Դատարանը 2-ից 3 օրվա ընթացքում կդիմի ՀՔԾ, որպեսզի ստանա Գագիկ Մկրտչյանի հիվանդության պատմագիրը։

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

Զինված հարձակման հետեւանքով զոհվել են գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։

ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ: