Եվրոպական միության ընդլայնումը դեպի Արևմտյան Բալկանների երկրներ միության աշխարհառազմավարական նպատակն է: Այս մասին չորեքշաբթի Բրյուսելում կայացած ասուլիսին հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարգեյին՝ ներկայացնելով ԵՄ ընդլայնման նորացված քաղաքականությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«ԵՄ-ի նպատակն է մնում լիարժեք ընդլայնումը դեպի Արևմտյան Բալկանների վեց երկիր: Սա մեր աշխարհառազմավարական ներդրումն է»,- ասել է նա: Նրա խոսքով` «անդամակցության գործընթացը պետք է հիմնված լինի Եվրամիության և Արևմտյան Բալկանների փոխադարձ վստահության և հստակ պարտավորությունների վրա»: «Վստահությունը պետք է ամրապնդվի հիմնարար բարեփոխումներին ավելի սերտ ուշադրություն դարձնելու միջոցով ՝ թեկնածու երկրներում օրենքի գերակայությունից, ժողովրդավարական ինստիտուտների եւ պետական կառավարման աշխատանքից եւ տնտեսությունից սկսած: Երբ գործընկեր երկրները կատարում են պայմանները, անդամ պետությունները եւս համաձայնում են անցնել գործընթացի հաջորդ փուլ»,- ասել է նա:

ԵՄ անդամակցության պաշտոնական թեկնածուներն են Ալբանիան, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան, Մոնտենեգրոն և Թուրքիան: Այս երկրներից եւ ոչ մեկի համար նույնիսկ տեսականորեն որոշված չեն ԵՄ-ին անդամակցելու հնարավոր ժամկետները: 2018 թվականի աշնանը Եվրահանձնաժողովի այն ժամանակվա նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել էր, որ, իր կարծիքով, Սերբիան և Մոնտենեգրոն Եվրամիության մաս կդառնան մինչև 2025 թվականը: