Հայերի ցեղասպանություն է իրականացվել Բաքվում, Սումգաիթում ու Լեռնային Ղարաբաղում, եւ այն պետք է ճանաչել, որպեսզի նման բանը անպատիժ չշարունակվի։ Այս մասին հայտարարել է բարոնուհի Քերոլայն Քոքսը՝ ելույթ ունենալով «Մոռացված փախստականներ․ ի՞նչ է կատարվել Բաքվի հայերի հետ» համաժողովում, որը փետրվարի 5-ին անցկացվել է Եվրոպական խորհրդարանում։

Նա հիշեցրել է, որ Արցախ այցերի պատճառով ինքը գտնվում է Ադրբեջանի «սեւ ցուցակում»։

«Ես գիտեմ մարդկանց, որոնք Բաքվի ջարդերի պատճառով փախել են Մեծ Բրիտանիա»,- ասել է Քերոլայն Քոքսը՝ հավելելով, որ իրավիճակն Ադրբեջանում այն տարիներին «ժողովրդավարության եւ թափանցիկության հրաշալի պատկեր չէր», ինչպես դա փորձում են ներկայացնել համաժողովի ադրբեջանցի մասնակիցները։

Համաժողովի ընթացքում ներկայացվել են Բաքվի փախստականների պատմությունները։ Նրանց թվում եղել է 90-ականների սկզբին Ադրբեջանը լքած Աննա Աստվածատրյան-Տյուրքոտը։ Նրա խոսքերով՝ շատերն ունեն սարսափելի հիշողություններ այն մասին, թե ինչպես էին ստիպված փախչել եւ փրկվել։ «Շատերի ոգին կոտրվել էր, շատերի կյանքը ոչնչացվել էր՝ 350 000 մարդու կյանք, այնպիսին ինչպիսին ես եմ»,- նշել է նա։

Պատասխանելով ադրբեջանցի մասնակցի այն ակնարկին, թե նման հանդիպումները չեն նպաստում «խաղաղության կառուցմանը», Աննա Աստվածատրյանը նշել է, որ իր կյանքը փրկել է մի ադրբեջանուհի, որը նույնիսկ չէր հասկանում իրեն, քանի որ ռուսերեն չգիտեր։ «Խաղաղության կառուցման համար ամենակարեւորը ճշմարտությունն է»,- ընդգծել է նա։

Բրյուսելի համալսարանի պրոֆեսոր Դավիթ Բաբաեւն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Եվրախորհրդարանին հարթակ տրամադրելու համար, «որպեսզի արտահայտվի 1990թ․ Բաքուն ստիպողաբար լքած հայ փախստականների մասին մեր մտահոգությունը»։

«Այդ գազանությունները՝ բռնությունը, ահաբեկումը, բռնաբարությունը, սպանությունը եւ մարդկանց ողջ-ողջ այրելը չպետք է անպատիժ մնան»,- հավելել է նա։

Համաժողովը կազմակերպվել էր Բրյուսելում «Հայ Դատի» գրասենյակի եւ ԵՄ-ում Հայաստանի առաքելության կողմից։