Մենք տեսնում ենք բավականին լուրջ, վիճելի դրույթներ, շատ լուրջ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 5–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն՝ անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների նախագծին, որով «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է դադարեցնել ՍԴ այն դատավորների պաշտոնավարումը, որոնք ընտրվել են մինչեւ 2018 թվականի ապրիլի 9–ը։

«Մենք մեր կարծիքն արդեն իսկ արտահայտել ենք, բոլոր ընթացքները պետք է լինեն բացառապես իրավական դաշտում եւ չպետք է լինի նույնիսկ կասկած, որ ընթացքներն իրավական են, այդ իսկ պատճառով մենք դեմ քվեարկեցինք, որ առհասարակ այս հարցերը մտնեն օրակարգ։ Մենք տեսնում ենք բավականին լուրջ, վիճելի դրույթներ, շատ լուրջ։ Վաղը քննարկումը ցույց կտա», ասաց Աբովյանը։