ԱԺ խորհրդի նիստը քիչ առաջ ավարտվեց, նախագծերը նոր կազմով ներկայացվեցին. այլեւս մեկ հարց է օրակարգում, եւ դա Սահմանադրական փոփոխությունների հարցն է: Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությանղ եկավար Էդմոն Մարուքյանը:

«Մնացած փաթեթը, որ դրվել էր շրջանառության մեջ Վահագն Հովակիմյանի կողմից ներկայացված, այլեւս օրակարգում չէ: ԱԺ արտահերթ նիստը տեղի կունենա այսօր ժամը 13.00-ին: Նիստի սկզբում կորոշվի, թե որքան կտեւի նիստը, բայց նախագծով նախատեսվում է 5 ժամ տեւողությունը: Այս նիստում կքննարկվի միայն Սահմանադրության մեջ փոփոխությունների նախագիծը՝ մեկ ընթերցումով: Խոսքը Սահմանադրության 213-րդ հոդվածի մասին է»,-ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ կամ այսօր կքվեարկվի կամ գուցե առավոտյան:

Հարցին, թե մինչեւ երկրորդ ընթերցում օրինագիծն ուղարկվելո՞ւ է ՍԴ, Մարուքյանը պատասխանեց. «Ես չեմ կարող իրենց փոխարեն ասել, օրենքով այդպես է: Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, անկախ նրանից՝ Ազգային ժողովում է փոփոխության ենթարկվում, թե հանրաքվեի պետք է դրվի, այն պետք է ուղարկվի ՍԴ եզրակացության համար»:

Մարուքյանը նշեց, որ եւ իրենք եւ ԲՀԿ-ն դեմ են քվեարկել ԱԺ խորհրդում այս նախագծերին:

«Իմ քայլի» պատգամավորները ՍԴ նախագահի ու անդամների վերաբերյալ նոր նախագիծ դրեցին շրջանառության մեջ