Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի մասնակցությամբ Ազգային ժողովի ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի նիստն ավարտվեց։

Լրագրողների հետ զրույցում հարցին՝ ինչպե՞ս կգնահատի հանձնաժողովի աշխատանքները, Դավթյանն ասաց․  «Ես ո՞նց կարող եմ գնահատել հանձնաժողովի աշխատանքը։ Այսօրվա աշխատանքը շատ լավ մթնոլորտում անցավ։ Բոլոր հարցերը հանգամանորեն քննարկվեցին, պայմանները աշխատանքային ստեղծված են, որևէ դիտողություն այդ առումով չկա։ Մենք բոլորս պետք է աջակցենք հանձնաժողովի աշխատանքներին, որ իր տրամաբանական ավարտին հասնի և վերջում կարվի հայտարարություն, եզրակացություն, որոշումներ կընդունվեն»։

Հիշեցնենք, որ Արտակ Դավթյանը ապրիլյան պատերազմի ժամանակ զբաղեցնում էր Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի պաշտոնը:

Նշենք, որ ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի նախորդ նիստին եկել էր պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Նիստի ավարտից հետո վերջինս վստահեցրեց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ զինված ուժերը նյութատեխնիկական ապահովման որևէ խնդիր չեն ունեցել:

Ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովը ձևավորվել է նախորդ տարվա մայիսին՝ 47 պատգամավորի դիմում-պահանջով: ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ ժամանակավոր քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը վեց ամիս է: Դեկտեմբերին հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգվել է 6 ամսով: