Էֆֆեկտիվ աշխատանքն ենք ունեցել, եւ դա միտված է եղել Զինված ուժերի՝ ապրիլյան դեպքերի խնդիրներն արագ ավարտելուն ու հանրությանը ներկայացնելուն, այն առումով, որ մեր եզրակացությունները պետք է լինեն անթերի ու փաստարկված։ Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ապրիլյան պատերազմի դեպքերը քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Մեր արված եզրակացությունները լինելու են անհերքելի։ Այս հարցը ապրիլյան պատերազմի հետ կապված մենք աշխատելու ենք Զինված ուժերի այսօրվա ղեկավար կազմի հետ։ Այնպիսի հիմնավորումներով ներկայացնենք, որպեսզի բոլոր հարցերը փարատենք։ Զինված ուժերը պետք է իրենց մարտական հերթափոխը իրականացնեն առանց կասկածամտության որեւէ դրսեւորման։ Սա այն կառույցն է, որն իր ծառայությունը վերաբերում է յուրաքանչյուրի ընտանիքին։ Զինված ուժերի հեղինակության բարձրացումը կախված բոլորից»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Նշենք, որ Ազգային ժողովի ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողով էր հրավիրվել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ (ԶՈՒ ԳՇ պետ) Արտակ Դավթյանը: Դավթյանը ապրիլյան պատերազմի ժամանակ զբաղեցնում էր Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի պաշտոնը:

Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի նախորդ նիստին եկել էր պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: