Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ փետրվարի 7–ին, ավանդական հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի և Եվրոպական միության անդամ երկրների Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել գլոբալ և տարածաշրջանային զարգացումների համատեքստում արդի մարտահրավերների և դրանց հասցեագրմանն ուղղված հարցերի շուրջ: Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում անդրադարձ է կատարվել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին:

ՀՀ կառավարության զարգացման օրակարգին ԵՄ աջակցության շարունակականության համատեքստում ԱԳ նախարարը ԵՄ գործընկերներին ներկայացրել է երկրում իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումների գործընթացն՝ ուղղված ժողովրդավարության, իրավունքի գերակայության ամրապնդմանը, անկախ դատաիրավական համակարգի հաստատմանը, կոռուպցիայի դեմ պայքարին: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները: