Իսպանիան եւ Իտալիան ցանկանում են միություն կազմել Եվրամիությանը միասնական միգրացիոն քաղաքականություն ներկայացնելու նպատակով, հաղորդում է Associated Press-ը:

Այդ հայտարարությամբ են ներկայացել երկու երկրների՝ Իսպանիայի ԱԳ նախարար Արանչա Գոնսալես Լայան եւ Իտալիայի ԱԳ նախարար Լուինջի Դի Մայոն:

Մադրիդում կայացած բանակցություններից հետո նրանք նաեւ հայտարարել են, որ մի քանի շաբաթ շարունակ մշակում են միգրացիոն քաղաքականության վերաբերյալ փաստաթղթի սեւագիրը:

Իտալիայի եւ Իսպանիայի ԱԳ նախարարները նաեւ նշել են, որ այդ հարցի շուրջ ակնկալում են Միջերկրական ծովի տարածարջանի մյուս երկրների աջակցությունը, որոնցում ավելի լավ կյանք են փնտրում տասնյակ հազարավոր փախստականներ եւ միգրանտներ:

Այս տարի Եվրահանձնաժողովը ցանկանում է նախաձեռնել ԵՄ 27 անդամ երկրների փախստականներին ընդունելու համակարգի եւ միգրացիոն քաղաքականության բարեփոխումները: ԵՄ ճանապարհին առանցքային խոչընդոտներից մեկը հարցն է, թե ինչպես ստիպել բոլոր անդամ պետություններին՝ ներառյալ արեւելյան երկրները, որոնք հրաժարվում են ընդունել միգրանտներին, մասնակի կրճատել բեռը, որը սովորաբար ընկնում է Միջերկրական ծովի տարածաշրջանի երկրների «ուսերին»: