Lexus-ի նախագահը ներկայացրել է ապրանքանշանի առաջին ավտոմեքենան, որը համալրված է ավտոպիլոտով, որը կարելի է թարմացնել ֆունկցիոնալությունն ընդլայնելու նպատակով, գրում է Մոտոր-ը:

Ինչպես հայտնել է Lexus-ի նախագահ Քոձի Սաթոն Autonews պարբերականին տված հարցազրույցում, արդեն ընթացիկ տարում ճապոնական ապրանքանշանի մոդելային շարքում կհայտնվեն ավտոպիլոտով առաջին ավտոմեքենաները: Դա կլինի երկրորդ մակարդակի կիսաավտոնոմ վարման համակարգ. թոփ մենեջերը նշել է, որ ավտոպիլոտն ունակ կլինի կառավարել ավտոմեքենան առանց ձեռքերը ղեկին պահելու անհրաժեշտության, սակայն ճանապարհին նայել եւ կառավարել իրավիճակն անհրաժեշտ կլինի, ինչպես նախկինում էր: Մինչդեռ երկրորդ մակարդակը կլինի միայն սկզբնականը. երբ Lexus-ն ավելացնի համակարգի անլար թարմացման հնարավորությունը, ավտոպիլոտի ֆունկցիոնալությունը հնարավոր կլինի ընդլայնել մինչեւ երրորդ եւ հաջորդ մակարդակները:

Սաթոն չի մանրամասնել, թե արդյոք ավտոպիլոտով Lexus-ի գնորդները ստիպված կլինեն վճարել կիսաավտոնոմ վարման համակարգն ակտիվացնելու համար, ինչպես ընդունված է Tesla-ի դեպքում, ինչպես նաեւ չի տեղեկացրել, թե հատկապես որ մոդելն այս տարի կթարմացվի: Highway Teammate անունով կիսաավտոնոմ վարման համակարգը մշակված է Denso ընկերության կողմից եւ կիրառում է լիդար, ինչպես նաեւ տեսախցիկների ամբողջություն տարածության մեջ կողմնորոշվելու համար: Ավտոպիլոտը թույլ կտա Lexus-ին ինքնուրույն փոխել շարքը, պահպանել արագության ռեժիմը, հեռավորությունն ու այլ ավտոմեքենաներին թույլ տալ վազանց անել: