Թեհրանը հանձնառու է մնում Միջուկային զենքի չտարածման պայմանագրին (ՄԶՉՊ) եւ իրանական միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) դուրս գալու մտադրություն չունի, հայտարերլ է ՌԴ-ում Իրանի դեսպան Ղազեմ Ջալալին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Ինչ վերաբերում է ԳՀՀԾ-ին, մենք մեզ այդ համաձայնագրի կողմ ենք համարում եւ կարծում ենք, որ այդ համաձայնագրով պարտավորություններ ունենք... Մշտապես ասել ենք, որ այն հինգ քայլերը, որոնք ձեռնարկել ենք, շրջելի են: Մենք առայժմ հանձնառու ենք մնում ԳՀՀԾ-ին եւ երաշխիքների վերաբերյալ համաձայնագրին, ինչպես նաեւ ՄԶՉՊ-ին: Եվ առայժմ չենք պատրաստվում ԳՀՀԾ-ից դուրս գալ»,- ասել է նա:

2015 թվականին «վեցյակը» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) եւ Իրանը հայտարարել էին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին հասնելու մասին: Համաձայնագրով նախատեսվում էր պատժամիջոցների հանում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: Գործարքը նախնական տեսքով գոյություն չունեցավ անգամ 3 տարի. 2018-ի մայիսին ԱՄՆ-ն հայտարարել էր համաձայնագրից միակողմանի կարգով դուրս գալու եւ Իսլամական հանրապետության դեմ խիստ պատժամիջոցների վերականգնման մասին: Իրանը հայտարարել էր համաձայնագրի շրջանակում իր պատավորությունների փուլային կրճատման մասին: