Երեքշաբթի օրը Բեյրութի կենտրոնում հավաքված բողոքի ցույցի մասնակիցների դեմ ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել: Ինչպես դեպքի վայրից փոխանցում է ՏԱՍՍ-ը, ցուցարարների խումբը փորձ է ներխուժել Պլյաս Էթուալի վրա գտնվող Խորհրդարանի շենք, որտեղ տեղի է ունենալու պատգամավորների պալատի նիստը` նվիրված վարչապետ Հասան Դիաբի ղեկավարած կառավարությանը վստահության քվե ստանալուն:

Բողոքի ակցիայի մասնակիցները փորձում են նաեւ արգելափակել Բեյրութի ծովափը` «Ֆինիցիա» հյուրանոցի մոտակայքում, որպեսզի օրենսդիրներին թույլ չտան հասնել խորհրդարանական պալատ: Իրավապահներին առայժմ հաջողվում է զսպել ցուցարարների ամբոխին, ոստիկաններին օգնում են բանակային պարեկային ծառայությունները, որոնք քաղաք են մտել վաղ առավոտյան:

Փետրվարի 6-ին Դիաբի կաբինետը հաստատել էր բարեփոխումների ծրագիրը, որն ուղղված է երկրի տնտեսության իրավիճակի կայունացմանը: Հակաճգնաժամային պլանը մի շարք ցավոտ միջոցառումներ է նախատեսում ֆինանսական փլուզումը կանխելու համար` հաշվի առնելով, որ Լիբանանի ազգային պարտքը հասել է 85 միլիարդ դոլարի, իսկ ազգային արժույթը` լիբանանյան ֆունտը, արժեզրկվել է 33 տոկոսով: Կաբինետը նաեւ դատական բարեփոխում եւ կոռուպցիայի դեմ պայքարի մի շարք միջոցառումներ է նախապատրաստում:

Լիբանանի նախագահ Միշել Աունը անցած տարի դեկտեմբերի 19-ին խորհրդարանական խմբակցությունների հետ խորհրդակցություններից հետո հանձնարարել է նոր կաբինետ ձեւավորել անկախ քաղաքական գործիչ Հասան Դիաբի համար: Դիաբի թեկնածությանը, որը 2011-2014 թվականներին զբաղեցնում էր կրթության նախարարի պաշտոնը, աջակցեց 128 պատգամավորից 69-ը: Կառավարության կազմը հաստատվել էր հունվարի 21-ին:

Դիաբի կաբինետը ապավինում է խորհրդարանական մեծամասնության աջակցությանը, որը ղեկավարում են իշխանամետ Ազատ հայրենասիրական շարժումը եւ «Հըզբոլլահ»-«Ամալ» շիական տանդեմը:

Արևմտամետ ճամբարի կուսակցությունները հրաժարվեցին մասնակցել նոր կառավարությանը եւ միացան ընդդիմությանը: Դրանց թվում է «Ալ-Մուստաքբալ» սուննիական շարժումը, որի առաջնորդ Սաադ Հարիրին ղեկավարում էր նախորդ կոալիցիոն կաբինետը եւ հրաժարական տվեց անցյալ տարվա հոկտեմբերի 29-ին` Լիբանանում բռնկված զանգվածային բողոքի ակցիաների պատճառով: