Փետրվարի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստան-Սփյուռք հարաբերությունների սերտացմանն ու ամրապնդմանն ուղղված քայլերին, ձեռնարկվող միջոցառումներին եւ այդ շրջագծում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարեւոր դերակատարությանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը խոսեցին Մերձավոր Արեւելքի երկրներում տիրող անհանգիստ իրավիճակի եւ հայ համայնքներին շարունակաբար զորակցություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին։

Զրույցի ընթացքում արծարծվեց նաեւ տարբեր երկրներում հայոց սրբավայրերի եւ մշակութային բազմադարյա ժառանգության պատշաճ պահպանության հարցը։