Եվ այսպես ՀՀ նախագահը, ստորագրելով հանրաքվե անցկացնելու մասին իր հրամանագիրը, փաստացի հայտնվեց սահմանադրական կարգը խախտողների շարքում: Այս մասին գրում է  քաղաքական մեկնաբան Երվանդ Բոզոյանը։

«Քանզի Սահմանադրության փոփոխությունները մինչև ընդունումը պետք է ներկայացվեին Սահմանադրական դատարան՝ դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը ստուգելու համար (Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետ, 169-րդ հոդվածի 2-րդ մաս, ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 4-րդ մաս, 86-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետ, 5-6-րդ մասեր): Անկախ առաջին և երկրորդ ընթերցումների հետ կապված Ազգային ժողովի կանոնակարգի նորմերի մեկնաբանություններից՝ Սահմանադրությունն ուղղակիորեն պահանջում է մինչև Սահմանադրության փոփոխության նախագծի ընդունումը ստանալ ՍԴ—ի որոշումը: Քանզի, հատուկ շեշտենք, դրված էր ոչ թե Նոր Սահմանադրության ընդունման, այլ սահմանադրական փոփոխությունների ընդունման խնդիրը: Իսկ այստեղ, ակնհայտ է, որ առաջին և երկրորդ իշխանությունները, կոպտագույն ձևով խախտում են երրորդ իշխանության, տվյալ դեպքում՝ ՍԴ-ի իրավունքները:

Ակնհայտ է, որ Փաշինյանի նպատակն է ՍԴ-ն վերցնել իր վերահսկողության տակ և երկրում հաստատել արդեն բացարձակ մենիշխանություն:

Այն որ նրա այս քայլը ոչ մի կապ չունի 2018-ի դեմոկրատական հեղափոխության իդեալների հետ, հասկանում է հանրության գիտակից հատվածի ճնշող մեծամասնությունը:

Իսկ ինչի՞ կարող է հանգեցնել այս ամենը: Փորձենք հասկանալ ներկայիս իշխանության իրական բնույթը:

Փաշինյանն իրականում ցանկանում է Հայաստանում հաստատել իր բացարձակ մենիշխանությունը

Վերջին մի քանի հարյուր տարվա քաղաքագիտական միտքը հանգել է այն եզրակացության, որ առանց ազատությունների և դեմոկրատական արժեքների հաստատման՝ երկիրը չի կարող ունենալ դեմոկրատական ապագա, իսկ քաղաքացիներն էլ չեն կարող հասնել իրենց կյանքի որակի բարեկեցության:

Դեռ անգլիացի փիլիսոփա Ջոն Լոքը 17-րդ դարում առաջ քաշեց այն միտքը, որ «…առանց իշխանությունների ճյուղերի տարանջատման՝ երկրում ազատություն հնարավոր չի լինի հաստատել…»: Հետագայում, Լոքի այս միտքը ավելի հիմնավոր ներկայացրեց ֆրանսիացի հայտնի իրավագետ, քաղաքագետ և փիլիսոփա Շարլ Դե Մոնթեսքյոն: Իր հանրահայտ «Օրենքների ոգու» մասին աշխատության 11–րդ գրքում ուղղակի նշում է հետևյալը․ «Եթե գործադիր և օրենսդիր իշխանությունները հանդես գան մեկ դեմքով, ապա կարելի կլինի ազատության մասին մոռանալ, և երկրում կհաստատվի բռնատիրություն… իսկ եթե դրան միանա նաև երկրի դատական իշխանությունը, ապա երկրում կհաստատվի բացարձակ բռնատիրություն…»:

Լոքի և Մոնթեսքյոյի այս գաղափարները հետագայում հիմք դրվեցին գրեթե բոլոր եվրոպական երկրների զարգացման կայացման համար: Այս սկզբունքը 20-րդ դարում մերժեցին միայն բոլշևիկներն ու նացիստները: Քանզի նրանց պատկերացումների հիմքում ընկած էր ոչ թե անհատի ազատության խնդիրը, այլ մեկի մոտ՝ դասակարգի, իսկ մյուսի մոտ՝ ռասայի գերակայության հարցը: Իսկ այդ դեպքում անհրաժեշտ էր ոչ թե մտածել դեմոկրատական, այլ բռնատիրական արժեքների հաստատման մասին: Այս համակարգում արդեն իշխանությունների տարանջատման սկզբունքը չպետք է գործեր, քանզի այս տոտալիտար արժեքների համար անհրաժեշտ էր ունենալ խիստ ուղղահայաց տոտալիտար համակարգ՝ իր համապատասխան առաջնորդով կամ ֆյուռերով:

Այսպիսի համակարգերում անխուսափելիորեն հաստատվում է անձի պաշտպամունքը, քանզի առանց դրա համակարգն ուղղակի չի գործի:

Թե ինչի հասցրեց այդ համակարգը մարդկությանը և կոնկրետ այդ երկրներին, չարժե ներկայացնել․ բոլորս գիտենք:

Այդ իսկ պատճառով էլ հատկապես կոմունիզմի փլուզումից հետո հանրահայտ Ֆրենսիս Ֆուկույաման գրեց իր հայտնի աշխատությունը՝ «Պատմության վերջը և վերջին մարդը», որի գլխավոր իմաստն այն էր, որ կոմունիզմի դարաշրջանի ավարտից հետո մարդկության մեջ սոցիալական հիմնական հակասություններն արդեն ավարտվել են:

Ի՞նչ կարող է նշանակել փաշինյանական բռնատիրական համակարգը, եթե այն հաստատվի

Գաղտնիք չէ, որ խորհրդային տոտալիտար համակարգից դեպի դեմոկրատականի անցումը միանգամից հնարավոր չէ: Այս անցումային փուլով ընթանում են ոչ միայն Հայաստանում, այլև ողջ հետխորհրդային տարածքում: Այս անցումային փուլին բնորոշ է այն, որ դեռ հաստատված չեն դեմոկրատական ինստիտուտները, բայց և արդեն չեն գործում նաև տոտալիտար կառույցները: Այդ երկրներում առկա են խոսքի, խղճի ազատությունները, իսկ ընտրություններն էլ անցնում են ազատ, սակայն ոչ արդար ձևով:

Կոնկրետ եթե վերցնենք Հայաստանի այս վերջին 30 տարվա կայացման փուլը, ապա կարող ենք նշել, որ ո՛չ Տեր-Պետրոսյանի, ո՛չ Քոչարյանի, և ոչ էլ Սարգսյանի մոտ տոտալիտար հակումներ չեն զգացվել: Իհարկե, դեմոկրատական ինստիտուտները այս 30 տարիների ընթացքում չեն գործել: Հերիք է միայն բերել այն փաստը, որ այս տարիների ընթացքում ընտրական արդար համակարգն այդպես էլ չկայացավ:

Ինչ վերաբերում է դատական համակարգին, ապա այն տարեց տարի թեև շատ փոքր քայլերով, այնուամենայնիվ ձեռք էր բերում իր ինքնուրույնությունը: Իհարկե, լիարժեք անկախության մասին խոսք լինել չէր կարող, սակայն ներկայիս դատական համակարգը 90-ականների հետ էլ չի կարելի համեմատել:

Այս ամենը պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ և՛ առաջին, և՛ երկրորդ, և՛ երրորդ նախագահներն իրենց բնույթով պոպուլիստներ չեն եղել: Նրանք ավելի շատ, այսպես կոչված, էլիտիստական գործիչներ էին, որոնք ավելի շատ հաշվի էին նստում իրենց վերնախավային շրջապատի հետ: Անշուշտ նրանց գլխավոր թերությունն այն էր, որ նրանք իրենց որոշումներում հաճախ հաշվի չէին առնում հանրության բոլոր խավերի կարծիքը: Այդ իսկ պատճառով էլ նրանց ավտորիտար համակարգերը տոտալիտար հակումներ չունեին: Նրանց որոշումներում (ճիշտ էին դրանք, թե սխալ) ամբոխի կարծիքը հաշվի չէր առնվում: Իսկ ամբոխն ունի իր ուրույն յուրահատկությունը: Բոլոր տոտալիտար համակարգերը՝ կոմունիստական, նացիստական, կրոնական, հիմնականում հենվում են հենց ամբոխի էմոցիաների վրա: Ամբոխի վրա հիմնված ավտորիտար համակարգը երբեք լուսավորչական բնույթ կամ ուղղվածություն չի կարող ունենալ: Սա քաղաքական աքսիոմա է: Բացի այդ, ամբոխի վրա հենված ավտորիտար համակարգը միշտ հակում է ունենում դառնալ տոտալիտար, որտեղ արդեն պետք է լինի անձի պաշտպամունք, միակ ճիշտ գաղափարախոսություն ու բոլոր քաղաքական մրցակիցներին «պետության թշնամի» հռչակում:

Դրանից հետո գալիս է զանգվածային ռեպրեսիաների փուլը, և հետո այս ամենն ավարտվում է պետության փլուզմամբ՝ կամ ներքին դեմոկրատական հեղափոխության ճանապարհով, կամ էլ դրսի ուժի ճնշան արդյունքում: Իսկ հաճախ՝ երկուսը միասին:

Երբ ազգը իրեն համարում է գերեվարված սեփական իշխանության կողմից, հեշտությամբ «համաձայնում է» բացել օտար թշնամու առջև իր դռները՝ դրանով իսկ կործանելով սեփական պետությունը:

Պատմությունն այդպիսի օրինակներ շատ ունի: Մենք էլ, ցավոք, պակաս օրինակներ չունենք մեր պետականության ինքնաոչնչացման խնդրի վերաբերյալ: Միայն թե, ինչպես ասում են, «…պատմությունը ոչ թե ուսուցում է ժողովուրդներին, այլ պարբերաբար պատժիչ դեր է կատարում, հատկապես այն ժողովուրդների համար, որոնք ոչինչ չեն ուզում սովորել նույնիսկ սեփական սխալներից…»:

Ինչպիսին կլինի մեր ժողովրդի այս անգամվա ընտրությունը, դրանից էլ կախված կլինի, թե ինչ ապագա նա կունենա»,-նշել է նա: