Կոնգրեսի մոնիտորինգի հանձնաժողովը փետրվարի 11-ին հավանություն է տվել Հայաստանում տեղական ինքնակառավարման մասին Եվրոպական խարտիայի կիրառման վերաբերյալ զեկույցի նախագծին:

Զեկույցը պատրաստվել է այն բանից հետո, երբ ԵԽ համազեկուցողներ Բրիոնի Ռուդկինը եւ Հուն Մարիտ Հելգեսենը 2019-ի մայիսին այցելել էին Հայաստան: Ըստ տիկին Ռուդկինի` Հայաստանը ներկայումս հետեւում է Խարտիայի բոլոր դրույթներին, իսկ երկրի իշխանությունները հավատարիմ են տարածքային-վարչական բարեփոխմանը:

Ըստ նրա` Հայաստանը առաջին երկրներից էր, որ 2016 թվականին ստորագրել էր Կոնգրեսի առաջարկությունների իրականացման «ճանապարհային քարտեզը»:
Սակայն համազեկուցողները շեշտել են երկրում մի շարք խնդիրների առկայությունը, մասնավորապես` կենտրոնական կառավարության եւ քաղաքապետարանների կամ դրանց ազգային ասոցիացիաների միջեւ իրավաբանորեն երաշխավորված խորհրդատվական կարգի բացակայությունը:

Բացի այդ, համազեկուցողներն ավելի մեծ ապակենտրոնացման կոչ են արել` տեղական իշխանությունների կողմից իրականացվող հասարակական գործերի մասնաբաժնի ավելացման համար` քաղաքապետարանների համար բավարար ֆինանսական ռեսուրսների ապահովման հետ մեկտեղ:

Զեկույցը կքննարկվի Ստրասբուրգում կայանալիք Կոնգրեսի 38-րդ նստաշրջանում (2020 թվականի մարտի 17-19):