ԱՄՆ իշխանությունները թաքցնում են Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների վրա Իրանի հարձակման հետևանքով զոհվածների մասին տվյալները: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնական ներկայացուցիչ Ռամազան Շարիֆը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ամերիկյան հրապարակումներում «զոհվածներ» բառը փոխարինվել է «գանգուղեղային վնասվածքներ» բառով: Նրանք թաքցնում են Աին-ալ-Ասադի վրա հարվածի հասցրած կորուստները»,- մեջբերում է նրան Fars գործակալությունը:

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվեց հունվարի 3-ի գիշերը Բաղդադի օդանավակայանի տարածքի ուղղությամբ ԱՄՆ հրթիռային հարվածից հետո, որի հետեւանքով զոհվել էր «Ալ-Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Քասեմ Սուլեյմանին: Ի պատասխան, հունվարի 8-ի գիշերը Թեհրանը հրթիռային գրոհ էր իրականացրել Իրաքում երկու օբյեկտների վրա, որոնք օգտագործվում էին ամերիկացի զինվորականների կողմից:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ գնդակոծման արդյունքում «ոչ ոք չի զոհվել եւ չի տուժել»: Ավելի ուշ ԱՄՆ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-գնդապետ Թոմաս Քեմփբելը հայտնել էր 50 զինծառայողի մասին, որոնց մոտ Իրանի հրթիռային հարվածի հետեւանքով գանգուղեղային վնասվածքներ էին ախտորոշվել:

Փետրվարի 11-ին Պենտագոնը հայտարարեց, որ այդ թիվը 109 մարդ է կազմել: