Միացյալ Նահանգները Ռուսաստանին եւ Թուրքիային հասկացրել են, որ իրենց դուր չի գալիս այն, ինչ տեղի է ունենում Իդլիբում, չորեքշաբթի հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Իդլիբը շատ վատ իրավիճակ է: Մենք ռուսներին ասել ենք, որ դա մեզ դուր չի գալիս, մենք թուրքերին ասել ենք, որ մեզ դա դուր չի գալիս: Բայց դրան վերջ տալու ոչ մի կախարդական փայտիկ չկա»,- ասաց նա` ելույթ ունենալով Ատլանտյան խորհրդում Վաշինգտոնում: Նրա խոսքով` Միացյալ Նահանգները պատրաստ չեն իրենց զորքերով լուծել խնդիրը, որը իրենք չեն ստեղծել:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ իր ռուս գործընկերոջը` Վլադիմիր Պուտինին, կոչ է արել ճնշում գործադրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա, որպեսզի սիրիական բանակը դադարեցնի հարձակումը Իդլիբ նահանգում եւ  մինչև փետրվարի վերջ հեռանա Թուրքիայի դիտորդական կետերից` հակառակ դեպքում սպառնալով ռազմական պատասխան տալ:

Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ներկայացուցիչների կողմից Աստանայում (այժմ ՝ Նուր-Սուլթան) 2017-ի մայիսին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Սիրիայում դեէսկալացիայի չորս գոտի է ստեղծվել: Դրանցից երեքի տարածքը 2018-ին անցել էր Դամասկոսի վերահսկողության տակ: Չորրորդ գոտին, որը տեղակայված է Իդլիբ նահանգում եւ հարևան Լաթաքիայի, Համայի եւ Հալեպի հատվածներում, դեռեւս ենթակա չէ հանրապետության կառավարությանը: Ընդ որում, դրա մեծ մասը գրավվել է «Զեբհաթ ան-Նուսրա»-յի ահաբեկիչների կողմից: 2018-ի սեպտեմբերին Ռուսաստանն ու Թուրքիան Սոչիում պայմանավորվել էին Իդլիբում ապառազմականացված գոտի ստեղծելու մասին, որտեղ տասնյակից ավելի տարբեր ստորաբաժանումներ կան: