Սերբիան հույս ունի մոտակա շաբաթները վավերացնել ազատ առեւտրի մասին ԵԱՏՄ-ի հետ համաձայնագիրը: Այս մասին հայտարարել է Սերբիայի խորհրդարանի խոսնակ Մայա Գոյկովիչը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

ԵԱՏՄ-ի եւ Սերբիայի միջեւ ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը կնքվել էր 2019 թվականի հոկտեմբերին:

«Ազատ առեւտրի մասին Եվրասիական տնտեսական միության եւ Սերբիայի միջեւ համաձայնագրի վավերացումը մեծ նշանակություն ունի: Այդ  համաձայնագիրն այս պահին ձեւակերպման փուլում է: Հուսով ենք, որ մենք շուտով կկարողանանք վավերացնել այն»,- ասել է Գոյկովիչը:

ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության եւ Միասնական տնտեսական գործընկերության հիմքով եւ սկսել իր գործունեությունը 2015 թվականի հունվարի 1-ից: ԵԱՏՄ անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը: