«Սասնա ծռերի» գործի անջատված մասով առաջինը ազատության մեջ հայտնված մեղադրյալ Էդգար Սողոմթնյանը այսօր՝ փետրվարի 12-ին, հրավիրվել էր «Սասնա ծռերի» գործով դատական նիստին՝ որպես վկա հարցաքննվելու։ Նշենք, որ նա բացարձակ որեւէ հարցի չպատասխանեց։ Դատարանի հարցին՝ արդյոք իր կողմից նախաքննության ընթացքում տված ցուցմունքը պնդո՞ւմ է, եւ, որ ինչպես դասականն է ասում, կարող պատասխանել՝ այո կամ ոչ, վկան չպատասխանեց։

Դատարանի հարցին դատախազն առարկեց. «Նա նախորդ հարցաքննությանը, դրա վերաբերյալ նա իր դիրքորոշումը հայտնել է»։ Դատավորի հարցին՝ ձեր տված ցուցմունքները համապատասխանո՞ւմ են իրականությանը. «Հրաժարվում եմ պատասխանելուց»։ Եգորյանը հարցրեց՝ արդյոք իրեն հիշո՞ւմ է, վկան ասաց, որ հիշում է, սակայն որեւէ հարցի կրկին չպատասխանեց։ Եգորյանը հարցրեց՝ ինչու է ինքը հրաժարվում հարցերին պատասխանել, նա կրկնեց. «Հրաժարվում եմ պատասխանելուց»։

Պաշտպանը հարցրեց՝ արդյոք իրեն զգուշացրե՞լ են, որ նա չխոսի դատարանում, նա կրկին չպատասխանեց։ Կրկին հարց՝ արդյոք ինքը մինչեւ դատական նիստին ներկայանալը, հանդիպե՞լ է ործով քննիչներին. Կրկին չպատասպանեց վկան։ Հարցին՝ արդյոք իրեն քննիչը զգուշացրե՞լ է, որ ցուցմունք տալու դեպքում հնարավոր է իր խափանման միջոցը փոխվի, նա կրկին չպատասխանեց։

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

Զինված հարձակման հետեւանքով զոհվել են գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։ ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ: