Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող «Սասնա ծռերի» գործով դատական նիստին իրավիճակը լարվել էր գործով պաշտպան Զարուհի Փոստանջյանի եւ տուժող Գագիկ Խաչատրյանի կնոջ միջեւ։

Գործով հարցաքննության էր եկել «Սասնա ծռերի» գործից անջատված մասով նախկին մեղադրյալ Էդգար Սողոմոնյանը։

Գործով ամբաստանյալները դատարանում հայտարարեցին, որ  իրենց դեմ, քննիչի ճնշումով, կեղծ ցուցմունք է տվել:

Ամբաստանյալները Սողոմոնյանին հարցրին՝ ո՞վ է իրեն սովորեցրել, որ դատարանում լռի, որից հետո Գագիկ Մկրտչյանի կինը հունից դուրս եկավ. «Բա ձեզ ո՞վ է սովորեցրել»։

Գործով պաշտպան Զարուհի Փոստանջյանը հունից դուրս գալով զգուշացրեց՝ հարգալից խոսել միմյանց հետ․ «Գնացեք Սերժ Սարգսյանին հարցրեք ձեր ամուսինների մահվան մասին»:

Դատարանը Զարուհի Փոստանջյանին հորդորեց՝ լռել, սակայն նա չլսեց դատարանին։ Մի քանի զգուշացումից հետո Փոստանջյանը 3 նկատողություն ստացավ։

Գործով ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանը հարցրեց՝ արդյոք իրեն ԱԱԾ նախկին աշխատակից՝ Տիգրան անունով, իր նկատմամբ ճնշումներ գործադրե՞լ է, վկան կրկին չպատասպանեց։

Այնուամենայնիվ պաշտպանական կողմը շարունակում էր հարցադրումները․ «Կալանքից ազատվելուց հետո ոստիկանապետի կամ դատախազի հետ հանդիպում ունեցե՞լ եք․․․  Երբ դատարանիգ ծանուցում ստացար, նախկին ոստիկանապետին տեղեկացրե՞լ ես, որ մասնակցելու ես այս դատական նիստին»։ Այս հարցերն էլ մնացին անպատասխան։

Ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը խնդրեց, որ գոնե մի հարցի պատասխանի․ «Մեզ նայում է մի կին, որի ամուսինն անարդարացի կերպով մահացել է։ Նա հիմա մեզ է նայում, եւ, դու՝ որպես արդարության մի մասնիկ, խնդրում եմ՝ պատասխանիր տիկին Փոստանջյանի գոնե մի հարցին»։ Վկան կրկնեց, որ, միեւնույն է, չի խոսելու։

Գագիկ Մկրտչյանի կինը նույնպես հարց ուղղեց վկային․ «Որպես կին՝ ուզում եմ ճշմարտությունն իմանալ՝ ի՞նչ ցուցմունք տվել եք՝ ճի՞շտ է»։ Վկան չպատասխանեց եւ Մկրտչյանի կինը դատարանին առաջարկեց կանչել վկային հարցաքննած քննիչին․ «Պարոն Մակյան, ով հարցաքննել է, այդ քննիչին բերեք, որ հարցաքննի, լեզուն բացվի»։

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

Զինված հարձակման հետեւանքով զոհվել են գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։ ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ: