Եվրախորհրդարանն այսօր Ստրասբուրգում լիագումար նստաշրջանի ընթացքում հավանություն է տվել բանաձեւին, որով կողմ է արտահայտվում Մեծ Բրիտանիայի հետ բրեքզիթից հետո լայն համագործակցությանը, սակայն հաշվի առնելով Եվրամիության շահերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Բանաձեւի օգտին քվեարկել է 534 պատգամավոր, դեմ՝ 39-ը, 69-ը ձեռնպահ է մնացել:

«Խորհրդարանը ցանկանում է, որպեսզի Մեծ Բրիտանիայի հետ ասոցացման մասին համաձայնագիրն ավելի լայն լինի եւ հիմնված լինի երեք սկզբունքների վրա՝ տնտեսական գործընկերություն, արտաքին հարցերով գործընկերություն եւ առանձին ճյուղերի հարցեր»,- ասվում է Եվրախորհրդարանի հայտարարության մեջ:

Միեւնույն ժամանակ, պատգամավորները նշել են, որ պետք է հաշվի առնել, որ «երրորդ երկիրը չի կարող օգտվել այն իրավունքներից, որոնցից օգտվում են ԵՄ անդամ պետությունները»: Եվրախորհրդարանում հավելել են, որ բանակցությունների ընթացքում անհրաժեշտ է «երաշխավորել միասնական շուկայի եւ ԵՄ մաքսային միության ամբողջականությունը, առավել զգայուն ոլորտների պաշտպանությունը»: