Ռադիոյի համաշխարհային օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի որոշմամբ ամեն տարի, սկսած 2012թվականից, նշվում է փետրվարի 13-ին։ 2013թ․ հունվարին ՄԱԿ Գլխավոր ասամբլեան պաշտոնապես հավանության արժանացրեց տոնի հռչակումը եւ 67-րդ նստաշրջանում ընդունեց բանաձեւ՝ փետրվարի 13-ը հայտարարելով Ռադիոյի համաշխարհային օր։

Տոնի ամսաթիվը պատահական չի ընտրվել՝ 1946թ․ հենց փետրվարի 13-ին է առաջին անգամ եթեր դուրս եկել «ՄԱԿ-ի ռադիոն», որի կայանը գտնվում էր Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր գրասենյակում։

Ինչպես ասում են տոնը հիմնադրողները, այն ոչ միայն պետք է արժանին մատուցի ռադիոյին՝ որպես կապի միջոցի, այլեւ ծառայի համագործակցության ամրապնդմանը բոլոր նրանց միջեւ, ով առնչություն ունի ռադիոյի հետ (լինեն դրանք խոշորագույն ռադիոհեռարձակողներ թե միայնակ-սիրողներ), ինչպես նաեւ նպաստի ինչպես միջազգային ԶԼՄ-ների, այնպես էլ տեղի ռադիոկայանների կողմից տեղեկատվության հասանելիության ընդլայնմանը եւ կարծիքների ազատ արտահայտմանն ու գենդերային հավասարությանը ռադիոալիքներում։ Չէ՞ որ թվային տեխնոլոգիաների դարում ռադիոն շարունակում է մնալ կապի եւ աշխարհում ամենամեծ հանդիսատեսի շփման միջոց։