Հայաստանի իշխանությունները այլեւս չեն կարող ԵՏՄ-ում գործընկերների հետ քննարկել երկիր ներկրվող ավտոմեքենաների արտոնությունները։ Այս մասին փետրվարի 12-ին ԱԺ նիստում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին։

Պատգամավորը նշեց, որ Ղազախստանի իր գործընկերները բողոքել են Հայաստանից եկող մեքենաների հոսքից, որտեղ մինչեւ 2019թ․ վերջը մաքսազերծումն ավելի էժան էր այնքան ժամանակ, մինչեւ հանրապետությունում գործեցին ազգային, այլ ոչ թե եվրասիական տուրքերը։ Արդյունքում շատ ղազախստանցի ավտոդիլերներ մեքենաներ էին տանում Հայաստանից։

«Այնուամենայնիվ, նրանք իրենք են իրենց համար արտոնություններ սահմանում։ Մեզ մոտ ԱԱՀ-ը 20% է, նրանց մոտ՝ 12%։ Այդ դեպքում ինչո՞ւ մենք չենք նվազեցնում ԱԱՀ-ը, որպեսզի մրցակցենք եվրասիական շուկաներում»,- հետաքրքրվեց Մելքումյանը։ Նշենք, որ Մելքումյանի ներկայացրած տվյալներով, Հայաստան 2019թ․ բերվել է մոտ 190 000 ավտոմեքենա, որոնցից 22 000-ը վերաարտահանել են Ղազախստան եւ 77 000-ը՝ Ռուսաստան։ Ի պատասխան՝ Գրիգորյանը նկատեց, որ եթե այդ մեքենաները արտադրվեին Հայաստանում, դեռեւս կարելի կլիներ փորձել պաշտպանել մեր ավտոարդյունաբերության շահերը, քանի որ այդ դեպքում հայկական կողմի փաստարկները ավելի ծանրակշիռ կլինեին։

«Սակայն այստեղ ոչ մի արտադրություն չկա, այլ կա միայն վերավաճառք։ Եւ պարզ է, որ Ռուսաստանն ու Ղազախստանը, որոնք ունեն իրենց ավտոարդյունաբերությունը, չեն համաձայնի դրան»,- պարզաբանեց փոխվարչապետը։ Նա հիշեցրեց նաեւ, որ սկզբնապես Հայաստանին թույլ էին տվել հինգ տարով պահպանել ավտոմեքենաների տուրքերը, որպեսզի հանրապետության ավտոշուկան կարողանար հարմարվել նոր պայմաններին, սակայն դրա հետ մեկտեղ նշվել էր, որ այդ անցումային շրջանում ներկրված մեքենաները նախատեսված են միայն Հայաստանում օգտագործելու համար, որպեսզի ԵՏՄ շուկաներում անհավասար մրցակցություն չստեղծվի․ քանի որ դա առաջանում է այն դեպքում, եթե Հայաստանից էժան մեքենաներ են գալիս։

Ահա այդ պատճառով չեմ կարծում, որ մենք կկարողանանք բարձրացնել այն հարցը, որ իջեցվեն մեր մաքսազերծման գները։ Դա չի համապատասխանում Եվրասիական տնտեսական միության կանոններին»,- ընդգծեց փոխվարչապետը։