Մեքսիկայում 25-ամյա կնոջ դաժան սպանությունը վրդովմունքի ալիք է առաջացրել. կոչ է արվում փոփոխություն կատարել երկրի օրենսդրության մեջ այն բանից հետո, երբ մի քանի ԶԼՄ-ներ առաջին էջերին հրապարակել էին զոհի դանակահարված մարմնի լուսանկարները, փոխանցում է CNN- ը:

Ինգրիդ Էսկամիկուի դին հայտնաբերվել էր անցած կիրակի, նրա մաշկը քերթել էին եւ հանել էին նրա մի քանի օրգանը: Հանցագործության վայրում 46-ամյա մի տղամարդ էր ձերբակալվել, որի հագուստն արյան մեջ էր: Ավելի ուշ մամուլում լուսանկարներ եւ տեսանյութեր էին հայտնվել, որոնցում արյունոտ տղամարդը, ըստ երեւույթին, խոստովանել էր, որ դանակահարել է կնոջն այն բանից հետո, երբ վերջինս, նրա խոսքով, սպառնացել էր սպանել իրեն:

Մեխիկոյի քաղաքապետ Կլաուդիա Շեյնբաումը հայտարարել է, որ դատախազները կպահանջեն առավելագույն պատիժ սահմանել հանցագործի նկատմամբ, որը, ըստ ոստիկանության, կնոջ ամուսինն է:

Սակայն սարսափելի միջադեպի պատճառով վրդովմունքն ուժեղացավ այն բանից հետո, երբ տեղական լրատվամիջոցները հրապարակեցին տուժածի մարմնի ծայրաստիճան գրաֆիկական լուսանկարները: Թերթերից մեկը լուսանկարները հրապարակել էր առաջին էջին՝ «Սա Կուպիդոնի սխալն էր» վերնագրով:

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը քննադատել էր լրատվամիջոցների արձագանքը սպանությանը: Նա հայտարարել է, որ նկարների արտահոսքի համար պատասխանատու անձը պետք է պատժվի: «Սա հանցագործություն է, որը պետք է պատժվի»,- ասել է նա: