Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի անցկացման մասին նախաձեռնության հետեւանքներն այնքան մասշտաբային կլինեն, որ անհրաժեշտ կլինի առնվազն տասնամյակ այդ հետեւանքները վերացնելու համար: Այս մասին այսօր «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ եւ լուծումներ» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց ՍԴ նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանը:

Նրա խոսքով՝ օրենքը տապալվել է, իսկ ժամանակակից սահմանադրական պետությունը անհամատեղելի է ծայրահեղ պոպուլիզմի հետ: Մուրադյանը հիշեցրեց, որ ՍԴ-ն կոչված է պահպանելու պետական համակարգը ոտնձգություններից, իսկ ծայրահեղ պոպուլիզմը կարող է գոյություն ունենալ «թշնամու» գոյության պայմաններում: «Տպավորություն է, որ մենք հետ ենք գնացել ոչ թե սովետական շրջան, այլ, ցավոք, անցած դարի 30-ական թվականներ, երբ նույն կարգախոսներով ոչնչացնում էին բնակչության տարբեր խմբերին: Դեռ գործը դրան չի հասել, հուսով եմ, որ չի հասնի»,- նշեց խորհրդականը:

Մուրադյանը նկատեց, որ լինելով Սահմանադրության հեղինակներից մեկը՝ կարող է հաստատել, որ հեղինակները անգամ մտածել չէին կարող, որ այն կարող է այդ կերպ մեկնաբանվել: «Առաջին ձեռքից հաստատում եմ՝ եթե լիներ նման ընկալում, ապա 213-րդ հոդվածն այլ կերպ կձեւակերպվեր հատուկ նրանց համար, ովքեր չեն ընդունում, որ անհնար է դադարեցնել ՍԴ դատավորի լիազորությունները, եթե նա չի հեռանում իր կամքով կամ չկա դատական որոշում»,- նշեց Մուրադյանը:

Նրա խոսքով՝ նման քայլերով խախտվում է սահմանադրականության կայունությունը: «Նախաձեռնության հեղինակների մոտեցումները հակասում են ժողովրդի կամքին: Կարելի է, իհարկե, պնդել, թե նախորդ հանրաքվեում կամքը կեղծվել է: Եթե դա այդպես էր, ապա պետք էր այդ ժամանակ նոր Սահմանադրություն ընդունել: Չի կարելի «կեղծված» Սահմանադրությունում փոփոխություններ կատարել: Դատավորների անփոփոխությունն ուղիղ կապ ունի նրանց անկախության հետ: Այսինքն՝ նրանք պետք է հեռու լինեն ոտնձգություններից: Հայաստանը կդադարի լինել իրավական պետություն»,- ընդգծեց Մուրադյանը՝ հավելելով, որ ճակատագրական սխալ են անում:

Նրա խոսքով՝ ավելի շատ վտանգ է իրենից ներկայացնում այն հանգամանքը, որ Հայաստանում որոշ ժամանակով չի գործի ՍԴ-ն: «2-3 ամիս կարելի է մնալ առանց ՍԴ-ի, անել ցանկացած փոփոխություն, վավերացնել միջազգային պայմանագրեր առանց ՍԴ որոշման: Այդ 2-3 ամսում կարելի է անել ցանկացած իրավական վակխանալիա: Նոր ՍԴ-ն չի կարող լեգիտիմություն ունենալ: Հետեւաբար, հաջորդ իշխանությունները կարող են ՍԴ-ի որոշումները կասկածի տակ դնել: Եթե դա նախադեպ դառնա, ապա կարելի է հետագայում եւս նման ոգով գործել՝ արդեն առանց հանրաքվեի փոխել եւ դադարեցնել դատավորների լիազորությունները: Պետք է անել ամեն ինչ՝ նման նախադեպը բացառելու համար»,- եզրափակեց Մուրադյանը: