2020 թվականի հունիս-հուլիսից  արտահանման բոլոր ձեւակերպումներն իրականացվելու են Գյումրիում, իսկ 2023 թվականից Գյումրիում են իրականացվելու արդեն բոլոր մաքսային ձեւակերպումները՝ կապված ապրանքների ներմուծման եւ արտահանման հետ: Այս մասին փետրվարի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը:

Նա հավելեց, որ 2023 թվականից մաքսային թույլտվությունների ամբողջ փաթեթը կտրվի մեկ պատուհանի սկզբունքով, ընդ որում՝ առցանց ռեժիմում: «Բարեփոխումներն ընդհանուր առմամբ ուղղված են մաքսային ծառայությունների հետ տնտեսվարողների շփումները նվազագույնի հասցնելուն, այդ թվում՝ մինչեւ 7 տոկոսով նվազեցնելով մաքսային ստուգման ենթակա բեռների բաժինը: Դրանից բացի, որոշ կարգի բարեխիղճ տնտեսվարողների հնարավորություն կտրվի ապրանքը պահել իր տարածքում, եւ այս հարցով ամեն անգամ ՊԵԿ չդիմել»,- նշեց նա:

Նրա կարծիքով եւս մեկ դրական փոփոխություն կարելի է համարել այն, որ ՊԵԿ-ն արդեն 2019 թվականից սկսել է հաշվի առնել տնտեսվարողների ներկայացրած ապրանքի մոտավոր գնի ցուցանիշը, ինչը կարեւոր նշանակություն ունի քաղաքացիների եւ պետական կառույցի միջեւ հետադարձ կապի ապահովման տեսակետից: Ներսիսյանի խոսքով՝ մաքսային ձեւակերպումների խախտումները հիմնականում կապված են հայտարարագրվող ապրանքների եւ դրանց զանգվածի ու արդյունքում ստացվողի տարբերության հետ: «Օրինակ՝ մի կոնտեյներով կարող են ժամանել տարբեր ապրանքներ: Պրակտիկան ցույց է տալիս, որ հայտարարագրվում է մեկը, իսկ իրականում կարող է ստացվել այլ ապրանք»,- շեշտեց նա: Անդրադառնալով «Վերին Լարս» հսկիչ անցակետում  Հայաստանի ներկայացուցչի մասին հարցին, նա պարզաբանեց, որ առաջիկա օրերին նա կսկսի աշխատել: